Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով Տաթեւ Հակոբյանը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբյանների փաստաբան Մարատ Գինոսյանը:
Նա նշեց, որ Տաթեւը գտնվում է անկողնային վիճակում՝ տանը պառկած, քայլելու մասին առայժմ խոսք չկա: Աղջկան առաջիկայում մի շարք վիրահատություններ են սպասվում, սակայն բժիշկները չեն կարող ասել՝ նա կքայլի, թե ոչ:
Մարատ Գինոսյանը նաեւ ասաց, որ դերասանի ընտանիքից ոչ մեկ չի եկել տեսակցելու ընտանիքին, եւ Հակոբյանները չեն մտածում բանակցությունների մասին:
«Իրենց առաջարկը այնպես է որ մի բան էլ մենք ենք մեղավոր, իրենք գնում ենք ուրիշ վարկածով, տուժող կողմը ոչ բանակցությունների է պատրաստ, ոչ էլ հաշտության: Վարդան Պետրոսյանը մեղավոր է եւ պետք է իր պատիժը կրի»,- ասաց Մարատ Գինոսյանը:
Նա եւս պնդում է, որ վթարը եղել է հողածածկի վրա, դերասանը մեքենան վարել է շատ մեծ արագությամբ, ««Նիվայի» վնասվածքն այնպիսին է, որ դա հնարավոր է միայն արագ վարելու պայմաններում լիներ»: Ինչ վերաբերում է Վարդան Պետրոսյանի՝ ոչ սթափ լինելուն, փաստաբանն ասաց, որ նրա բժշկական պատմության մեջ կա գրառում, որ հագուստից ալկոհոլի հոտ է եկել, բայց այդ ուղղությամբ դեռեւս ոչինչ չեն կարող ասել: «ճշմարտությունմ այն է, որ մարդը վարել է բարձր արագությամբ, վթարը եղել է հողածածկի վա, «Նիվան» կանգնած է եղել, իսկ նման պայմաններում ի՞նչ հաշտության մասին է խոսքը»,-ասաց Մարատ Գինոսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:





























