Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը մերժում չունի ոչ մի բանի, եւ համաձայնվում է ամեն ինչին: Այդ մասին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վաշինգտոնում կայանալիք հանդիպման փաստը:

«Մեր արտաքին քաղաքականությունը պետք է միտված լինի ազգային պետական շահերի սպասարկմանը, ինչը, դատելով իշխանությունների գործելակերպից, չի հաջողվում»,- նշել է Մինասյանն ու հավելել. «Թուրքիան փորձ է անելու արձանագրությունների ստորագրումը պահելու օրակարգում»:

Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր հերթին նույն հարցի կապակցությամբ նշել է, թե Հայաստանի իշխանություններն այցը ավելի շատ կարեւորում են հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում:

«Էրդողանի խնդրանքը, բանագնացային տարբերակը կարծում եմ դրական մոտեցում է, բայց չեմ կարծում, որ դա դիվանագիտական լուրջ գործոն կարող է դիտարկվել: Դա Թուրքիային շանս է տալիս միջազգային հանրությանը ներկայացնել, թե շահագրգիռ է եւ գործընթացները կասեցված չեն»,- նշել է Սահակյանն ու հավելել. «Հետաքրքիր հանդիպում է, բայց մի բան պարզ է, որ այն ինչ հայտարարվել է, հետաընթաց գործընթացներ տեղի չեն ունենալու»: