ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորների բացակայության պատճառով այսօր՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան 18։00-ին, ԱԺ արտահերթ նիստում չկայացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունը։
Ավելի վաղ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ 18:00-ին տեղի է ունենալու քվեարկությունը եւ պատգամավորներին զգուշացրել էր այդ ժամին ներկայանալ խորհրդարան: Ոչ իշխանական պատգամավորները հիմնականում ներկա են, բացակայում են հանրապետականները:
Մոտ տասը րոպե Հովիկ Աբրահամյանը կոչ էր անում պատգամավորներին վերադառնալ դահլիճ: Տեսնելով, որ հանրապետականները չեն գալիս՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց համաձայնագիրը քվեարկության դնել վաղը՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին: Սակայն ավելի ուշ որոշում ընդունվեց շարունակել ԱԺ արտահերթ նիստը երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին։
Ավելի վաղ խորհրդարանական երեք խմբակցություններ՝ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը, հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու համաձայնագրին, իսկ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը։
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը գումարել էր արտահերթ նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, պետք է քվեարկության դրվեր «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը։




























