Ազգային ժողովում պատգամավորների՝ առանց քարտերով՝ ձեռքով քվեարկությունը նախատեսված է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ կետով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ քարտուղարության պետ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանը:
Իսկ այդ հոդվածով սահմանվում է հետեւյալը՝ «բաց քվեարկությունն իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ, էլեկտրոնային համակարգով՝ 10 վայրկյանի ընթացքում. համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը»:
Հարցին, թե հաշվիչ հանձնաժողով կար, քարտուղարության պետը մեկնաբանեց, որ ամեն նստաշրջանի համար ձեւավորվում է հաշվիչ հանձնաժողով, որը գործում է մինչեւ հաջորդ նստաշրջան: «Հաշվիչ հանձնաժողովի անդամները դահլիճում նստած էին, այլ բան է, որ ընդդիմության ներկայացուցիչները չուզեցին մնալ եւ թողեցին, դուրս եկան, դա ուրիշ խնդիր է: Հաշվիչ հանձնաժողովում ամեն խմբակցություն ունի մեկական ներկայացուցիչ, իսկ ՀՀԿ-ն՝ երկու: Ընդդիմությունից դահլիճում էին Հաշվիչ հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանը, Արծվիկ Մինասյանը, որոնք դուրս եկան: Դա իրենց անձնական խնդիրն է, որեւէ կերպ չի ազդում կանոնակարգի վրա, ընդամենը իրենք պետք է հաշվեին»,- ասաց Թաթուլ Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մոտ դեկտեմբերի 23-ին, ժամը 11։30-ից հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք եկել են իրենց բողոքը հայտնելու ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի դեմ, որով ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդում» իր 20 տոկոս մասնաբաժինը հանձնում է ռուսական «Գազպրոմին»՝ փաստացի մինչեւ 2043 թվականը զրկելով Հայաստանին որեւէ այլ ընկերությունից գազ ներմուծել կամ փոխել գազի ներմուծման պայմանները։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր պատգամավորների քվեարկության քարտերը, նրանք քվեարկել են ձեռքով: Համաձայնագրերին, ըստ Հովիկ Աբրահամյանի, կողմ է քվեարկել 77 պատգամավոր: