Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանին ինքնասպանություն հասցնելու դեպքով նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ծառայողական քննություններից արդյունքներից ելնելով՝ կորոշվի, թե ովքեր պատասխանատվության կենթարկվեն:
Հիշեցնենք, որ սույն գործով մեղադրանք է առաջադրվել երեք հոգու՝ երկու զինծառայողներին եւ վաշտի հրամանատարին: 19-ամյա Շմավոն Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում՝ զենք կամ առողջությանը վնաս պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով) եւ 182-րդ հոդվածի 1-ին մասի (շորթում) հատկանիշներով, իսկ 20-ամյա Պարույր Մկրտչյանին՝ ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Իսկ նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Աթաբեկի Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել):
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ինքնասպանության հասցնելը: Քրգործի շրջանակում ձերբակալվել էին նրա երկու ծառակիցները: Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրեն այլեւս չեն տեսնի։ Դեկտեմբերի 12-ին գտել են նրա թողած գրությունը: Վանիչկան գրել էր, որ ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել է ու գցել իր ուսապարկը:





























