«Արմենիա» բժշկական կենտրոնում երկվորյակի սպասող, հղիության 9-րդ ամսում գտնվող, մոտ 30-32 տարեկան կնոջ մահվան փաստով քրեական գործ չի հարուցվի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նյութերի նախապատրաստմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով` հանցակազմի բացակայություն:
Այս դեպքի քննությունը տեւել է ավելի քան մեկուկես տարի, մեկը մյուսի ետեւից նշանակվել են բազմաիթվ փորձաքննություններ՝ համալիր, կրկնակի, հանձնաժողովային եւ այլն, բայց արդյունքում կնոջ մահվան մեջ բժշկական սխալ չի հայտնաբերվել: Իսկ թե ինչն է եղել երկվորյակի սպասող հղի կնոջ մահվան պատճառը, ոստիկանությունը չի հաղորդում՝ համարելով նախաքննական գաղտնիք: Ի դեպ, դեպքի մասին չի ցանկանում խոսել նաեւ կնոջ ամուսինը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012թ հունիսի 18-ի առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 30-32 տարեկան հղիության 9-րդ ամսում գտնվող կին` փայծաղի պատռվածքով: Ռազմիկ Աբրահամյանը ասել էր, որ վիրաբույժը վիրահատել է կնոջը, սակայն նա չափից շատ արյուն էր կորցրել, ամեն ինչ արել են կյանքը փրկելու համար, բայց հնարավոր չի եղել եղավ: «Փայծաղը պայթել էր, ամբողջ արյունը լցվել էր որովայնի խոռոչը»,- ասել էր Ռազմիկ Աբրահամյանը: Կինը Լեռնային Ղարաբաղի բնակիչ էր, սակայն ժամանակավորապես ապրում էր Երեւանում:





























