Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանի հետ միջադեպի առնչությամբ քրեական գործ չի հարուցվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝  նյութերի նախապատրաստմամբ Քրեական դատավարության օրենսգքրի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործի հարուցումը մերժվել է, այսինքն՝ Կարեն Արիստակեսյանի արարքի մեջ հանցակազմ չի հայտնաբերվել:

Իսկ «Արմավիրի» բ/կ-ի տնօրեն Սարգիս Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միջադեպի արդյունքում տուժած կանայք արդեն լավ են, նրանք դուրս են գրվել հիվանդանոցից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1953 թ. ծնված Անիկ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել: Նրանից բացի՝ հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ մեկ այլ կին, ով, տեսնելով վիճաբանությունը, սթրես էր տարել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Կարեն Ա.-ն, աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ, բռունցքով հարվածներ է հասցրել Անիկ Մ.-ին եւ պատճառել վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: