Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանի հետ միջադեպի արդյունքում տուժած կանայք ապաքինվում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմավիրի» բ/կ-ի տնօրեն Սարգիս Խաչատրյանը:
Նա նշեց, որ կանանց վիճակը լավ է. վիրահատական միջամտություն անելու անհրաժեշտություն չկար, նրանք այժմ բուժում են ստանում: Թանգարանի աշխատակիցները առաջիկա օրերին՝ հավանաբար մինչեւ շաբաթվա վերջ, դուրս կգրվեն հիվանդանոցից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1953 թ. ծնված Անիկ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել: Նրանից բացի՝ հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ մեկ այլ կին, ով, տեսնելով վիճաբանությունը, սթրես էր տարել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Կարեն Ա.-ն, աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ, բռունցքով հարվածներ է հասցրել Անիկ Մ.-ին եւ պատճառել վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























