Ղարաբաղի հետ կապված՝ Մաքսային միության սահմանների վերաբերյալ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունը Հայաստանի համար անընդունելի է, դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը: Ըստ նրա՝ նման հայտարարությունը պայմանավորված է Ղազախստանի եւ Ադրբեջանի բարեկամական հարաբերություններով, եւ միանգամայն օրինաչափ է, որ  Նազարբաեւը պարբերաբար բարձրացնում է ղարաբաղյան հիմնախնդրի հարցը:

Սահակյանը նաեւ նշել է, որ այս պահին ոչինչ չգիտի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության  «ճանապարհային քարտեզի» բովանդակության մասին, որը ստորագրվել է նախօրեին: Քաղաքական գործչի հավաստմամբ՝ շուտով  «ճանապարհային քարտեզը»  կհրապարակվի եւ հանրային քննարկման կդրվի:

Հիշեցնենք, դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ  Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է ստորագրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության  «ճանապարհային քարտեզը», բայց՝ հատուկ կարծիքով, քանի որ ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված՝ մաքսային սահմանների  հարցով պարզաբանումներ է պահանջում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փաստացի արհամարհել էր այս հայտարարությունը եւ Հայաստանի հետ   «ճանապարհային քարտեզը» ստորագրելու պատրաստակամություն հայտնել, ինչն էլ արվել էր:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am