Թուրքական խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Շերաֆեթին Հալիսը Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայից պարզաբանումներ է պահանջել, թե ինչու չեն պահպանվում եւ խնամվում Թունջելիի (Դերսիմ) նահանգի հայկական եկեղեցիները:
Թուրքական Atilim կայքէջի փոխանցմամբ` քուրդ պատգամավորը նշել է, որ մինչ 1960-ականները Թունջելիի նահանգում ապրող հայերի աղոթատեղի հանդիսացող եկեղեցիները երկար ժամանակ անտերության մատնվելով դարձել են ավերակներ: Շերաֆեթին Հալիսը հայտնել է, որ հիշյալ խնդրով ինքը դիմել է Թունջելիի մշակույթի եւ զբոսաշրջության նահանգային վարչություն, որտեղ իրեն տեղեկացրել են, թե հայկական լքված եկեղեցիների պահպանման եւ վերանորոգման համար միջոցներ չեն տրամադրվում:
Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Շերաֆեթին Հալիսը Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայից հետեւյալ պարզաբանումներն է պահանջել. 1. Չե՞ք մտածում միջոցներ հատկացնել հայկական եկեղեցիները փրկելու համար, 2. Թունջելիի նահանգի տարածքում ավերակների վերածված եւ անուշադրության մատնված քանի՞ եկեղեցի կա, 3. Ի՞նչ տրամաբանությամբ շրջկենտրոնների կայքերում հիշյալ եկեղեցիները ներառված չեն:




























