Շիրակի մարզի գյուղերից մեկի 60-ամյա գյուղապետի ընկերները դիմել են ամուսնության կենտրոն, որ նրա համար հարսնացու գտնեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ամուսնության եւ ընտանիքի «Հանդիպում» կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը:
Նա պատմեց, որ այդ գյուղապետը Շիրակի մարզում շատ մեծ հեղինակություն է վայելում եւ երբեւէ ամուսնացած չի եղել: «Այդ մարզում գիտեն նաեւ, որ նա երկար տարիներ սիրահարված է եղել, բայց աղջկա ծնողները համաձայն չեն եղել եւ աղջկան ՌԴ են տեղափոխել: Վերջերս այդ գյուղապետի ընկերները եկան կենտրոն, պատմությունը պատմեցին: Ես արդեն համոզվել եմ, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: Մեզ նաեւ ՌԴ-ից եկած կին էր դիմել, ով անհաջող ամուսնության մի փորձ ունցել էր եւ համանման պատմություն էր պատմել:
Զանգեցի գյուղապետին խնդրեցի, որ անձամբ գա: Ասաց, որ չի ցանկանում ամուսնանալ, պարզապես իմ կին լինելն է հարգում եւ հրավերը չի մերժում»,- պատմեց Նարե Մարտոյանը՝ հավելելով, որ իր կասկածները հաստատվել են. խոսքը իսկապես նույն զույգի մասին է:
«Հիմա գյուղապետը չի ցանկանում ամուսնանալ, բայց նրանց համերգի տոմս նվիրեցինք: Հանդիպում են: Անհամբեր սպասում ենք արդյունքներին»,- ասաց Նարե Մարտոյանը:





























