Աշխարհում, այդ թվում` ԱՄՆ-ում, հազարավոր մարդիկ Սուրբ ծննդյան օրը մնացել են առանց նվերների` ամերիկյան խոշոր UPS եւ FedEx փոստային փոխադրող ընկերությունների աշխատանքում խափանումների պատճառով:
Ընկերությունները ուշացումները բացատրում են պատվերների մեծ քանակությամբ, որոնք գնորդներն արել են համացանցային խանութների միջոցով, նաեւ` վատ եղանակային պայմաններով: Հիշեցնենք, որ վերջին օրերին ԱՄՆ-ի տարածքի մեծ մասում փոթորիկներ են մոլեգնում:
«UPS-ը գործադրում է բոլոր ջանքերը` ապրանքները տեղ հասցնելու համար, սակայն Սուրբ ծննդի նախօրեին ավիափոխադրումների համար նախատեսված ծանրոցները զգալիորեն գերազանցում են մեր ցանցի հնարավորությունները, այդ պատճառով էլ ուշացումներ են տեղի ունենում», — ասվում է UPS ընկերության հաղորդագրության մեջ:
FedEx-ն էլ է հանդես եկել նույնանման հայտարարությամբ՝ հավելելով, որ Գոհաբանության օրվանից մինչեւ Սուրբ ծնունդ ծառայությունն իրականացրել է շուրջ 275 միլիոն փոստային պատվերներ: Երկու ընկերությունն էլ խոստանում են վերադարձնել այն հաճախորդների գումարները, որոնք հավելյալ էին վճարել արագ տեղ հասցնելու համար, սակայն որոնց ծանրոցները ժամանակին տեղ չէին հասել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























