Կենսաթոշակային ռեֆորմը չի կարելի ներդնել, քանի դեռ թոշակի չափը չի հասել նվազագույն կենսապահովման զամբյուղի մակարդակին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՅ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա նշել է, որ 2008-ին Կառավարությունը որոշում է կայացրել կենսաթոշակային բարեփոխումներին անդրադառնալ միայն 2012-ին, երբ միջին կենսաթոշակը կհասներ կենսապահովման նվազագույն մակարդակի:
«2012-ը վաղուց անցել է, իսկ այդ ցուցանիշին այդպես էլ չենք հասել»,-ընդգծել է Մինասյանը: Նա հիշեցրել է, որ պաշտոնական կենսապահովման նվազագույն զամբյուղը կամ Հայաստանում կենսապահովման նվազագույն բյուջեն՝ հաշվարկված ազգային վիճակագրական ծառայության կողմից, 2013-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 56,4 հազար դրամ, իսկ միջին կենսաթոշակը 2014-ին պետք է կազմի 36 հազար դրամ:
«Զարգացած երկրները կենսաթոշակային կուտակային մոդելը սկսել են կիրառել այն ժամանակ, երբ սպառել են մրցունակության, ֆինանսների, ժողովրդագրության մյուս ռեսուրսները: Բայց այդ երկրներում բարձր կենսամակարդակ է եղել եւ կենսաթոշակի համար կուտակել են ոչ թե հանապազօրյա ծախսերի, այլ շքեղության ծախսերի հաշվին: Իսկ մեզ մոտ աղքատության մակարդակից ցածր է ապրում բնակչության 35 տոկոսը»,-ասել է Մինասյանը:





























