Բաքվում Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ Զաուր Հասանովի ինքնահրկիզման հետ կապված բողոքի ցույցի տասնյակ մասնակիցներ ենթարկվել են վարչական պատիժների:

Ինչպես հաղորդում է «Թուրանը», «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստներ Օրհան Էյուբզադեն, Թուրալ Սադիգլին եւ Ջավիդ Գաջիբեյլին 18, 17 եւ 16 օրվա ազատազրկման են ենթարկվել, իսկ ԱԺՃԿ անդամներ Օրհան Ջարչին եւ Թյուրքել Ալիսոյը՝ 16 եւ 15 օրվա: Նրանց մեղավոր են ճանաչել Վարչական օրենսգրքի 298.2 հոդվածի համաձայն(ցույցերի անցկացման կարգի խախտում): ԱԺՃԿ ակտիվիստներ Բեյիմ Հասանլին եւ Քյամալյա Բանանյարլին 400 եւ 500 մանաթ տուգանք պետք է վճարեն: Նախօրեին ակցիայի մասնակիցներից Սամիր Փոլադովը ձերբակալվել է 15 օրով, եւս 14-ը պետք է տուգանք վճարեն:

Ավելի վաղ Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ Զաուր Հասանովին ինքնասպանության հասցնելու հետ կապված բողոքի կիրակնօրյա ակցիայի 15 մասնակիցներ վարչական պատասխանատվության էին ենթարկվել: Ընդ որում, ձերբակալվածներից մեկին 15 օրվա ազատազրկման են ենթարկել, եւս 14-ին տուգանել են:

Բաքվի կենտրոնում դեկտեմբրի  25-ին ղարաբաղյան պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ Զաուր Հասանովն ինքնահրկիզում է գործել: Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի արհմիությունների համադաշնության շենքի(ԱԱՀ) առաջ: Նման քայլի նրան դրդել է ԱԱՀ որոշումը վերջինիս ձեռքից վերցնել 1995թ.-ից իրեն պատկանող սրճարանը ծովափնյա Բիբի-Էյբաթ գյուղում: Հաշմանդամը վախճանվել է ստացված վնասվածքներից: