Հրազդանի մթերային խանութներում արդեն երրորդ օրն է, հաց չեն ստացել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում շատ քաղաքացիներ իրենց անհանգստությունն են հայտնել: «Ճիշտ է՝ տոնական օրեր են, բոլորն էլ ուզում են նշել ամանորը, հանգստանալ, բայց պիտի շուտ մտածեին,թե ինչպես անեն, որ հացի խնդիր չլինի՝գոնե այսօրվանից»,-ասում են գնորդները՝ արդարացիորեն ավելացնելով. «Եթե իմանայինք, որ էսպես է լինելու, շուտ կառնեինք, բայց եթե հունվարի 1-ից խանութները բաց են, նշանակում է, որ պիտի ստանային նաեւ առաջին անհրաժեշտության մթերքները»:

Մթերային խանութներից մեկի վաճառողուհին՝ տիկին Գրետան ասաց, որ նախորդ տարիներին նման իրավիճակների առջեւ չեն կանգնել, անգամ հացի լիություն է եղել, եթե հաց չի էլ եղել, լավաշ պարտադիր ստացել են հենց հունվարի 1-ից: «Այսօր արդեն ժամը 15-ն է, բայց հացի մեքենաներ չեն պտտվում, մենակ մեր մոտ չէ, դիմացի խանութներում էլ հաց չկա»,- ասաց նա:

Բնակիչներից ոմանք ստիպված են եղել հասնելու Միկրոշրջանի շուկայի խաչմերուկում գտնվող  վրացական վաճառակետ, քանի որ միայն այնտեղ էր հաց վաճառվում, բայց 65-ամյա մի կնոջ խոսքով, այնպիսի հերթ է, որ «շունը տիրոջը չէր  ճանաչում»:

Այս օրերին միայն հացի դեֆիցիտ չէ, նաեւ դեկտեմբերի 30-ից խանութներում ձու չի վաճառվում, իսկ մեկ-երկու խանութներում էլ ձվի գինը հասել է 100 դրամի: