Ստամբուլահայ հայտնի լեզվաբան, Taraf պարբերականի նախկին սյունակագիր Սեւան Նիշանյանը դատարանի կողմից իր նկատմամբ սահմանված պատիժը կրելու համար ներկայացել է Թորբալըի բանտ:

Թուրքական Dogan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սեւան Նիշանյանը բանտ է ներկայացել նախկին կնոջ՝ Մուժդե Թոմբեքչիի եւ որդիներ Դավիթ ու Արսեն Նիշանյանների ուղեկցությամբ:

Բանտ մտնելուց առաջ Նիշանյանը լրագրողներին ասել է, թե չի փոշմանել իր արարածի համար եւ դուրս գալուց հետո շարունակելու է նույն գործը: 

Նշենք, որ օրեր առաջ վճռաբեկ դատարանը հաստատել էր դեռեւս 2008-ին Իզմիրի Սելչուքի շրջանի քաղաքացիական գործերով դատարանի կայացրած վճիռը Սեւան Նիշանյանի նկատմամբ:

Սեւան Նիշանյանը,  ավելի վաղ անդրադառնալով իր դեմ կայացրած վճռին, ասել էր, թե իրեն դատել են իր սեփականություն հանդիսացող շինության մեջ փոքրիկ խորդանոց կառուցելու համար։

Սեւան Նիշանյանը բանտում անցկացնելու է 2 տարի՝ անօրինական շինարարություն իրականացնելու համար: 

Նշենք, որ Սեւան Նիշանյանը Հայոց ցեղասպանության մասին մշտապես բարձրաձայնել է Թուրքիայում եւ աչքի է ընկել իր անվախ պահվածքով։