Վրաստանում հարցաքննվել է երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին: «Գռուզիա Online»-ը հաղորդել է, որ հարցաքննությունն իրականացրել է Վրաստանի պատիժների իրագործման եւ իրավական օգնության նախարարության Գլխավոր տեսչությունը` Մերաբիշվիլիի սկանդալային հայտարության հետ կապված հետաքննության շրջանակներում: Նախկին վարչապետի փաստաբան Դավիթ Խաժալիան հայտարարել է, որ իր պաշտպանյալը Գլխավոր տեսչության ներկայացուցիչներին տեղեկացրել էր բանտից գիշերն իրեն տանելու մասին:
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 17-ին Քութայիսիի դատավարության ընթացքում Վանո Մերաբիշվիլին հայտարարել էր, որ այն ժամանակվա գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեն իր վրա ճնշում է գործադրել: «Ուրբաթ ուշ գիշեր ինձ դուրս են բերել բանտից եւ, կարծում եմ, տարել պատիժների իրագործման եւ իրավական օգնության նախարարություն: Աշխատասենյակում ինձ դիմավորեցին երկու մարդ:
Գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեն ինձ ուլտիմատում ներկայացրեց. Եթե ես «համագործակցեմ» Զուրաբ Ժվանիայի գործով եւ հայտնեմ Սահակաշվիլիի փողերի գտնվելու վայրը, ապա նա ինձ երկրից դուրս գալու հնարավորություն կտա: Հակառակ դեպքում բանտում իմ վիճակն ավելի կվատանա, կձերբակալվեն իմ քաղաքական եւ ոչ քաղաքական ընկերները», - դատարանում հայտարարել է Մերաբիշվիլին:
Վրաստանի ներկայիս իշխանությունները նոր հետաքննություն են սկսել` 2003թ. Միխայիլ Սահակաշվիլիին իշխանության բերած «վարդերի հեղափոխության» առաջատար անձանցից մեկի` Զուրաբ Ժվանիայի սպանության առնչությամբ:





























