Ապրիլի 11-ի երեկոյան եռօրյա պաշտոնական այցով Լիբանան է ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրա գլխավորած խորհրդարանական պատվիրակության կազմում են Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը, Մարտին Սարգսյանը, Հովհաննես Մարգարյանը, Արայիկ Գրիգորյանը, Արմեն Մարտիրոսյանը, Վահե Էնֆիաջյանը:

Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բեյրութի օդանավակայանում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահանյանին դիմավորել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին: Երկու խորհրդարանների նախագահները կարճատեւ առանձնազրույց են ունեցել:

Այնուհետեւ ԱԺ ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի ու Լիբանանի խորհրդարանների նախագահների եւ նրանց գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Նաբիհ Բըրրին նշել է, որ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ կապերը պատմական են, իսկ Լիբանանում բնակվող հայերը կենդանի կամուրջ են երկու պետությունների միջեւ: Հայաստանի ու Լիբանանի միջեւ կնքված է 19 համաձայնագիր, որոնք վավերացվել են խորհրդարանների կողմից: Լիբանանի խորհրդարանի նախագահի խոսքերով` երկու երկրների տնտեսական հարաբերությունները զգալիորեն զիջում են քաղաքական հարաբերություններին, եւ խորհրդարանները պետք է ամեն ինչ անեն տնտեսական կապերը սերտացնելու համար:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նաեւ եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության նկատմամբ:

Հովիկ Աբրահամյանն ասել է, որ Հայաստանում ջերմությամբ են հիշում 1997 թվականին Նաբիհ Բըրրիի` Հայաստան կատարած այցը եւ բարձր են գնահատում այն: ՀՀ Ազգային ժողովի նախագահը լիբանանցի իր գործընկերոջը հրավիրել է նրա համար նախընտրելի ժամկետներում կրկին այցելել Հայաստան:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել, որ հիշյալ այցի ժամանակ Լիբանանի խորհրդարանի նախագահը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի խողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Լիբանանի խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները շուտով կկարգավորվեն եւ հայտնել է աջակցելու իր պատրաստակամությունը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնելով, որ 2000թ. մայիսին Լիբանանի խորհրդարանը Նաբիհ Բըրրիի գլխավորությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, նշել է, որ նման քայլերը կարեւոր են հետագայում այդպիսի հանցագործությունները կանխելու համար: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների վավերացումը ներկայումս ձգձգվում է Թուրքիայի խորհրդարանի կողմից, փորձ է արվում կապել ԼՂ հարցի հետ, մինչդեռ դրանք ոչ մի կապ չունեն:

Հանդիպման արդյունքներով Հովիկ Աբրահանյանը եւ Նաբիհ Բըրրին Հայաստանի Հանրապետության եւ Լիբանանի խորհրդարանների միջեւ ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: