Հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընի հորաքույրը՝ Կիմ Գյոն Հին, ով հյուսիսկորեական հիերարխիայի երկրորդ մարդու՝ դեկտեմբերին մահապատժի ենթարկված Չան Սոն Թհեքի այրին էր, հնարավոր է՝ մահացել է սրտի նոպայից կամ ինքնասպան է եղել:
Երկրի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի միակ քույրը հանրությանը չի երեւացել անցած տարվա սեպտեմբերից: Հարավկորեական «Չոսոն իլբո» թերթի տվյալներով, Կիմ Գյոն Հին մահացել է: Միեւնույն ժամանակ, թերթի աղբյուրը հայտնել է, որ «կնոջ շուրջ բազմաթիվ շշուկներ են շրջում» եւ մահվան փաստը հստակ ապացուցված չէ:
Ավելի վաղ հարավկորեական լրատվամիջոցները հայտնել էին Կիմ Գյոն Հիի ծանր հիվանդության մասին: Նշենք, որ նրա ամուսինը զբաղեցնում էր Պաշտպանության պետական կոմիտեի փոխնախագահի պաշտոնը, սակայն դեկտեմբերի սկզբին մահապաատժի էր ենթարկվել «հակահեղափոխական, հակակուսակցական եւ խմբակցային գործունեության մեղադրանքով»:





























