Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի վիճակն օրեցօր վատանում է: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Շիվա» բժշկական կենտրոնի «Թել ա-Շոմեր» կլինիկայի ղկավար, պրոֆեսոր Զեեւ Ռոտշտեյնը:

«Վերջին մեկ օրում կյանքի սպառնալիքը ոչ միայն չի նվազել, այլեւ ավելացել է»,- ասել է Ռոտշտեյնը: Նրա խոսքով, չնայած 85-ամյա Շարոնի սրտի աշխատանքը կայունացել է, մյուս օրգանների վիճակը շարունակում է վատթարանալ: Ռոտշտեյնը նկատել է, որ եթե զգալի ճեղքում չլինի, «իրավիճակը կշարունակի վատթարանալ»:

Արիել Շարոնի առողջական վիճակի վատթարացման մասին հայտնի էր դարձել հունվարի 1-ին: Հաջորդ օրը Ռոտշտեյնը հայտնել էր, թե Շարոնը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում միանգամից մի քանի կենսական օրգանների կանգի պատճառով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Շարոնը վերջին 8 տարիներին կոմայի մեջ է: 2006թ. հունվարի 4-ին նա լայն ինսուլտ էր տարել, ինչից հետո հայտնվել էր կոմայի մեջ: