Քրդական բանվորական կուսակցության Գերմանիայի ներկայացուցիչը Դյուսելդորֆի նահանգային բարձրագույն դատարանի կողմից դատապարըվել է 3 տարի 9 ամիս ազատազրկման։ Այս մասին գրում է թուրքական «Zaman» թերթը։

Թուրքական պարբերականը գրում է, թե քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ Հուսեինը՝ ծածկանունը Չոլաք, դատապարտվել է քրեական հանցագործությունների, հանցագործ խմբավորման անդամ եւ ղեկավար լինելու համար։ Նա եղել է Գերմանիայում PKK-ի կոորդինատորը, որը գումար է հավաքել եւ զանգվածային ցույցեր կազմակերպել։ Նա խմբավորման անդամների հետ SMS-ների միջոցով է շփվել, որտեղ օգտագործել են ծածկաբառեր։ Այսպես, PKK-ի ցույցերը կոչվել են հարսանիք, ոստիկանները՝ հորեղբայր, դրամը՝ գառ։ Հայտնի է դարձել, որ Հուսեինը կապեր ունի նաեւ Բրյուսելի PKK-ի ղեկավարների հետ։