Գրող Վահրամ Մարտիրոսյանի «Սողանք» ստեղծագործության հիման վրա ռեժիսոր Միքայել Դովլաթյանի նկարահանած համանուն ֆիլմը էկրան դուրս կգա այս տարվա վերջին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆիլմի ռեժիսորը։

Ֆիլմի նկարահանման աշխատանքները իրականացվել են ավելի քան 5 տարի, սակայն այսօր էլ այն վերջնականապես պատրաստ չէ, դեռեւս որոշ գործ կա անելու կապված հատուկ էֆեկտների հետ, սակայն ռեժիսորը խոստանում է, որ տարեվերջին այն կներկայացվի հանդիսատեսին։

Գլխավոր դերում Ժան Պիեր Նշանյանն է։ Ֆիլմում նկարահնվել են նաեւ Ռաֆայել Քոթանջյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Արամոն եւ այլք։

Ֆիլմի ֆինանսավորման հիմնական մասը իր վրա է վերցրել մշակույթի նախարարությունը, սակայն որոշ գումար հայթհայթվել են նաեւ այլ աղբյուրներից։

«Սողանքի» հեղինակի խոսքերով, ստեղծագործությունը մեր մռայլ իրականության մասին է։ Այն լույս է տեսել 10 տարի առաջ եւ թարգմանվել մի քանի լեզուներով, ներառյալ նաեւ ադրբեջաներենով։ Ադրբեջանական «Սենեթ» պարբերականը հատվածաբար տպագրել է ստեղծագործությունը։

Ռեժիսոր Միքայել Դովլաթյանն ասում է, որ ֆիլմը հնարավոր է՝ ներկայացվի Մոսկովյան միջազգային կինոփառատոնին։