Այսօր` ապրիլի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը Վաշինգտոն է ժամանելու Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար, կայցելի Վաշինգտոնի Մայր տաճար եւ ծաղկեպսակ կդնի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին:
Այս առնչությամբ ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» թերթը գրել է. «Նախագահ Վիլսոնը հայ ժողովրդի մեծ ընկերն էր եւ կողմ էր անկախ Հայաստանի ստեղծմանը, որ կընդգրկեր Օսմանյան կայսրության երեք մեծ վիլայեթները՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ընկած ժամանակահատվածում»,- գրում է պարբերականը։
Հիշեցնենք, որ Սեւրի պայմանագիրով, որը ստորագրվել է 1920 թվականի օգոստոսի 10-ին, որոշվում էր Հայաստանի սահմանները Վիլսոնի առաջարկությամբ: Ըստ այդմ, Հայաստանին էին անցնում Էրզրումի, Բիթլիս, Վանի եւ Սեւ ծովի ափն ընդգրկող Տրապիզոնի նահանգները, սակայն Օսմանյան կայսրությունը չվավերացրեց այդ պայմանագիրը:
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանն արդեն հայտնել են, որ հայկական համայնքի ներկայացուցիչները կարող են մասնակցել այդ արարողությանը։




























