1961 թ. ապրիլի 12-ին Յուրի Գագարինը բացեց մարդու կողմից տիեզերքի նվաճման դարաշրջանը։

Այժմ, ինչպես «Ռոսսիյսկայա գազետայի» հետ հարցազրույցում հայտնել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Անատոլի Պերմինովը, տիեզերագնացությունը գտնվում է «զարգացման նոր փուլում»։

Այսօրվա դրությամբ տիեզերական գործակալություններ գործում են աշխարհի ավելի քան 40 երկրներում։

Այլ խնդիրների շարքում, բոլոր երկրների գիտնականներն աշխատում են երկարատեւ թռիչքների համար նախատեսված էներգետիկ նոր համակարգերի վրա։

Ինչպես հայտնում է «Վեստի.ռու»-ն, Ռուսաստանը եւս աշխատում է այս ուղղությամբ։ Մասնավորապես, մշակվում է միջուկային էներգետիկ կայան, որը մեծ առավելություններ ունի։ Պերմինովի խոսքով, նմանօրինակ կայանը հնարավորություն կտա 20 անգամ կրճատել Մարս թռչելու ժամանակը։ «Կարծում եմ, որ եթե այս նախագծի մշակումը հաջողությամբ ավարտվի, թռիչքը կարող է տեղի ունենալ 2020 թ.-ին»,- ասել է «Ռոսկոսմոսի» ղեկավարը։