Այսօր՝ ապրիլի 12-ին, Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունենալիք Սարգսյան-Էրդողան հանդիպմանը կհետեւի Հայաստանի նախագահի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Հատկանշական է, որ սա երկու երկրների նախագահների միջեւ առաջին պաշտոնական հանդիպումն է։

Մինչեւ ԱՄՆ նախագահի հետ հանդիպելը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կլինի Վաշինգտոնի Մայր տաճարում, որտեղ ծաղիկներ կդնի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին։

Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է նաեւ ՀՀ նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի հետ։ Այսօր երեկոյան կկայանա նաեւ Բարաք Օբամայի հետ պաշտոնական ճաշի արարողությունը, իսկ արդեն երեքշաբթի Սերժ Սարգսյանը կմասնակցի միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովին։

Նշենք, որ այս օրերին Վաշինգտոնում ձեռք են առնվել անվտանգության մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն պահպանել գագաթնաժողովին մասնակցելու համար այնտեղ ժամանած 44 երկրների առաջնորդների անվտանգությունը։

Նշվում է նաեւ, որ գագաթնաժողովի ընթացքում հնարավոր են հանպատրաստի երկկողմ հանդիպումներ. այդպիսի մի հանդիպում էլ նախատեսված է ՀՀ նախագահի եւ Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի միջեւ։