Թուրքական «Hurriyet» թերթի լրագրող Յալչըն Դողանը ընթերցողների հետ կիսվել է հայ-թուրքական հարաբերությունների մասին իր մոտեցումներով։

«Թուրքիայի վրա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար ԱՄՆ-ի գլխավորությամբ ճնշումներ են գործադրվում, Եվրամիությունը նույնպես հետամուտ է այս հարցում։

Հարաբերությունների կարգավորման նշանը դա Հայաստանի հետ սահմանի բացումն է։ Ալիջանի ցամաքային սահմանը բացելով, միեւնույն ժամանակ աշխարհին ցույց կտանք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։

Աշխարհի ֆուտբոլի առաջնության նախընտրական փուլում Հայաստանի հետ միեւնույն խմբում հայտնվեցինք։ Սկզբից մենք խաղայինք Հայաստանում, այնուհետ հայերը պետք է գային Թուրքիա։ Առաջին խաղը եղավ անցյալ սեպտեմբերին Երեւանում։

Նախագահ Աբդուլահ Գյուլը հարաբերությունների կարգավորման դեր է ստանձնում։ Մեծահոգություն ցուցաբերելով՝ Թուրքիայի նախագահը առաջինը ինքն է Հայաստան գնալու որոշում կայացնում։

Թուրքիային Երեւանում բավականին լավ դիմավորեցին։ Կարծես 100 ամյա թշնամությունը վերջանում է։

Մի քանի օր առաջ հեռուստացույցով BBC World –ը դիտելիս ուշադրությունս գրավեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Սերբիայի նախագահի մամուլի ասուլիսը, որի ընթացքում լրագրողներից մեկը Հայաստանի նախագահին հարցրեց. „Ֆուտբոլային պատասխան խաղը դիտելու համար Թուրքիա գնալո՞ւ եք“։

Հայաստանի նախագահը պատասխանեց, որ կգնա, եթե մինչ այդ Թուրքիան սահմանը բացի։ Ի՞նչ, ականջներիս չեմ հավատում։ Սարգսյանը Թուրքիա գալու համար մի՞ թե խոսք չի տվել։ Մի՞ թե Գյուլը, երբ գնաց Երեւան, նախապայման դրեց։ Սարգսյան, շա՜տ ամոթ է, շատ։ Լրիվ ֆիասկո։

Կարգավորման մեջ տեսնում ենք, որ հակառակ կողմը մի անսպասելի ձեւով գործը փորձում է առաջ մղի, իսկ մենք մնում ենք տաշտակի առաջ։

Սարգսյանի անսպասելի հարվածից պետք է դաս քաղել։ Բնականոն գործընթացը մի ակնթարթում հակառակ շրջվեց։ Եվ կա՞ արդյոք նման փշրված երեւակայությունից դուրս գալու ուղի», — գրում է Դողանը։

Արժե հիշեցնել, որ Հայաստանն ու Թուրքիան Շվեյցարիայի միջնորդությամբ ապրիլի 22-ին ստորագրել են հարաբերությունների բարելավման «ճանապարհային քարտեզ», որը ենթադրում է Հայաստանի սահմանների ապաշրջափակում` առանց նախապայմանների: Այսպիսով, Հայաստանի նախագահի հայտարարությունը` այդ կետի կատարման վերաբերյալ, չի կարող համարվել նախապայման, քանի որ այն արդեն համաձայնեցված է Թուրքիայի բարձր ղեկավարության հետ: Այլ խնդիր է, որ թուրքական իշխանությունները պատրաստ չեն քաղաքական պայմանավորվածությունների ու պարտավորությունների կատարմանը: