Միջազգային օլիմպիական կոմիտեն սկսել է ուսումնասիրել Վանկուվերում Օլմպիադայի նախօրեին զոհված վրացի մարզիկ Նոդար Կումարիտաշվիլիի մասին Սահնակային սպորտի միջազգային ֆեդերացիայի պատրաստած զեկույցը։

«Մենք զեկույցն ստացել ենք այսօր առավոտյան եւ սկսել ենք ուսումնասիրել այն,- Reuters-ին ասել է ՄՕԿ-ի ներկայացուցիչը,- սակայն չենք պատրաստվում հայտարարություններ անել մինչեւ զեկույցի հրապարակումը, այսինքն՝ մինչեւ երկուշաբթի»։

Վրացի սահնակորդի ողբերգական մահը տեղի էր ունեցել մրցումների բացման արարողությունից ժամեր առաջ։ Մարզումների ժամանակ մարզիկը կորցրել էր հավասարակշռությունը եւ դուրս էր թռել սահուղուց։ Գլխի ծանր վնասվածքների հետեւանքով վրացի մարզիկը վախճանվել էր։