Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի տվյալներով, ղարաբաղյան հակամարտության գոտում 4565 անհետ կորած կա: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ Աշոտ Աստաբացյանը:

Նրա խոսքով, միայն Հայաստանում 401 անհետ կորած է համարվում: Անհետ կորածների 323 ընտանիքների հետ գրասենյակի ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացրել եւ հավաքել անհրաժեշտ տվյալները: Ղարաբաղում 457 անհետ կորած կա, Ադրբեջանում՝ 3697: 10 անհետ կորածներ համարվում են այլ ազգերի ներկայացուցիչներ: Աստաբացյանն ընդգծել է անհրաժեշտ օրենսդրության մշակման անհրաժեշտությունը, որը կաջակցի անհետ կորածների ընտանիքներին: Ներկայումս Հայաստանի արտգործնախարարության հովանու ներքո ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ զբաղվելու է այդ հարցով:

Աստաբացյանը հաղորդել է նաեւ, որ ներկայումս Հայաստանում ընդամենը մեկ ադրբեջանցի ռազմագերի եւ մեկ քաղաքացիական անձ է պահվում: Իսկ Ադրբեջանի տարածքում՝ 6 հայ ռազմագերիներ կան: Նա նշել է նաեւ, որ ԿԽՄԿ-ն չի զբաղվում հինգ հոգուց բաղկացած հայ ընտանիքի ճակատագրով, որ ինքնակամ հատել էին հայ-ադրբեջանական սահմանը, քանի որ այդ հարցով իրենց ոչ-ոք չի դիմել: