ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է «թաղային հեղինակություն» համարվող Արմեն Ազիզյանը (մականունը` «Ճռիկ»):
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՔԾ-ից, ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում 2010 թվականի ապրիլի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանություն զենքի գործադրմամբ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք կրելը) քրեական գործ է հարուցվել` նույն օրը ժամը 14-ի սահմաններում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 69-րդ շենքի մոտ կատարված խուլիգանության դեպքի առթիվ:
Նկատի ունենալով, որ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել խուլիգանության դեպքին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերլիազորներից մեկի մասնակցության մասին, 2010 թվականի ապրիլի 8-ին քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ` նախաքննությունը շարունակելու համար:
Պարզվել է, որ վիճաբանության նախաձեռնողներից և խուլիգանական գործողությունների մասնակիցներից է «թաղային հեղինակություն», Երևան քաղաքի բնակիչ, 1964թ. ծնված Արմեն Ազիզյանը (մականունը` «Ճռիկ»): Վերջինս 2010 թվականի ապրիլի 4-ին` ժամը 14-ի սահմաններում, մի խումբ անձանց հետ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 69 հասցեում գտնվող շենքի դիմաց, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հեռախոսազանգի կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել Աշոտ Ավագյանի, Վարդան Եգանյանի և Արթուր Ավագյանի հետ, փողոցում ծեծի է ենթարկել նրանց` հավաքված մարդկանց ներկայությամբ, հայհոյել:
2010 թվականի ապրիլի 9-ին Ա.Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, եւ որպես խափանման միջոց կիրառվել կալանավորում: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:




























