Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վաշինգտոնյան հանդիպումն ապացուցեց, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ոչ միայն բոլոր հարցերում միեւնույն կարծիքն են արտահայտում, այլ նաեւ մեկ պետություն են հանդիսանում։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը։

Նրա խոսքով, Վաշինգտոնում կողմերը մեկ անգամ եւս հաստատեցին իրենց դիրքորոշումները. ՀՀ նախագահը հայտարարեց առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման եւ ղարաբաղյան հարցը հայ-թուրքական գործընթացի հետ չկապելու մասին, իսկ Թուրքիայի վարչապետը հայ-թուրքական գործընթացը պայմանավորեց ղարաբաղյան հիմնախնդրով եւ Ցեղասպանության հարցով։ «Սարգսյան-Էրդողան վաշինգտոնյան հանդիպումից միջազգային հանրությունը եւ առաջին հերթին ԱՄՆ նախագահ Օբաման պետք է համապատասխան հետեւություններ անեն եւ հասկանան, որ Թուրքիան չի հրաժարվի իր պահանջներից»,- նկատեց Կարապետյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերությունները պետք է ավելի սերտանան։ Այս առումով Կարապետյանը ողջունեց ՀՀ նախագահի՝ Վուդրո Վիլսոնի շիրիմի մոտ արած այն հայտարարությունը, որ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ անհնար է սեպ խրել։

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է ՀՅԴ-ն փոխել իր դիրքորոշումը իշխանություների հանդեպ, Կարապետյանն ընդգծեց. «ՀՅԴ-ն կշարունակի գործել ընդդիմադիր դաշտում, քանի որ կուսակցությունը դժգոհ է իշխանության վարած թե՛ արտաքին, թե՛ ներքին եւ թե՛ սոցիալ-տնտեսական քաղաքականությունից»։