Հայաստանի ոստիկանությունը դադարեցրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ծեծի ենթարկելու կապակցությամբ հարուցված քր.գործի քննությունը՝ փոխարենը քր.գործ հարուցելով լրագրողի դեմ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Շամշյանը, Կենտրոնի քննչական բաժնի աշխատակից Գարիկ Բեգոյանը ապրիլի 13-ին կարճել է Էրեբունու բաժնի քննիչ Գագիկ Մարգարյանի դեմ հարուցված գործը, իսկ Շամշյանի դեմ գործ է հարուցվել սուտ մատնության մեղադրանքով:

Հիշեցնենք, որ ոստիկանության քննիչ Մարգարյանը փետրվարի 24-ին դատախազության շենքի մոտ հարվածներ էր հասցրել լրագրողին: Դեպքը ֆիքսել էին դատախազության տեսախցիկները, եւ տեսագրության մեջ պարզ երեւում է ոստիկանի հակաօրինական արարքները, սակայն քննիչ Բեգոյանին դա չի հետաքրքրել եւ նա Շամշյանի դեմ գործ է հարուցել, թե իբր լրագրողը ստել է, որ իրեն ծեծել են:

Ի դեպ, Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե քննիչի այդ որոշումը վերջնական չէ: «Կարծում եմ՝ Գագիկ Շամշյանն առանձնապես չի տուժելու այդ գործով: Արարքը ըստ արժանվույն կգնահատվի»,- բարձրաձայնել է ոստիկանապետը: