Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վաշինգտոնում կայացած հանդիպումներում թուրքական կողմը փորձել է քննարկումներ ծավալել ղարաբաղյան հարցի շուրջ, սակայն հայկական կողմը հասկացրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարելի շաղկապել Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնխարար Էդվարդ Նալբանդյանը՝ Վաշինգտոնում հայաստանցի լրագրողների հետ ճեպազրույցում:
«Չեմ կարծում , որ պատճառներ կան ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումներ անցկացնել թուրքական կողմի հետ, ավելի շուտ այդպիսի պատճառները բացակայում են»,- ասել է Նալբանդյանն ու մանրամասնել. «Նախեւառաջ ԼՂ կարգավորման գործում Թուրքիան չի կարող միջնորդ լինել, երկրորդ՝ ԼՂ հարցում Հայաստանը երբեւէ որեւէ զիջման չի գնա հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով: Եվ իհարկե նաեւ պետք է նկատի ունենալ, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման շաղկապումը Ղարաբաղի խնդրի հետ վնաս կհասցնի երկու գործընթացներին էլ: Դա նաեւ եռանախագահող երկրների դիրքորոշումն է»:
Ըստ Նալբանդյանի՝ եթե թուրքական կողմն իր հնարավորությունների իմաստով սխալ հաշվարկներ է արել, դա իրենց խնդիրն է: «Եթե Թուրքիան իրականում ցանկանում է այս գործընթացը չձախողել, պետք է շատ արագ գործնականում ցույց տա, որ պատրաստ է վավերացնել եւ իրականացնել արձանագրությունները եւ գնալ հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների, ինչին սպասում է միջազգային հանրությունը»,- ասել է Նալբանդյանը:



























