Պաշտոնական վիճակագրության համաձայն Հայաստանում անցյալ տարվա դեկտեմբերին հագուստի եւ կոշիկի միջին մանրածախ գները տարեկան կտրվածքով աճել էին 7.3 տոկոսով: Ինքնիրեն սա փոքր մեծություն չէ: Սակայն այս խմբի հիմնական ապրանքների շարքում գնաճն առաջ է անցել միջին ցուցանիից ու բնութագրվել է երկնիշ թվով: Հասկանալի է, որ համեստ ձեռքբերումների ֆոնի վրա գնաճը բավական ծանր է անդրադարձել հարյուր հազարավոր ընտանիքների բյուջեի վրա:
Նշված ժամանակահատվածում թեթեւ արդյունաբերության ապրանքների գների աճը հակասական բնույթ էր կրում: Այսպես, մայրաքաղաքում դեկտեմբերին բամբակե կտորեղենի գինը բարձրացավ 10.0 տոկոսով, իսկ բրդյա կտորեղենը՝ էժանացավ 0.3 տոկոսով: Միաժամանակ տղամարդու կոստյումի անհատական պատվերի գինը բարձրացավ 16.7 տոկոսով(6000 դրամով), իսկ կանացի զգեստի գինը՝ 34.7 տոկոսով(4000 դրամով):
Տղամարդու հագուստից առանձնացնենք վերարկուն(10 տոկոս գնաճ), պիջակներ(10.1 տոկոս), ներքնազգեստ(26.1 տոկոս), գուլպաներ(34.7 տոկոս), արհեստական կաշվից կոշիկ(15.1 տոկոս) եւ այլն: Կանանց հագուստի դեպքում գնային անհամամասնություններ կային. Որոշ ապրանքներ էժանացան, որոշն էլ հակառակը: Մանկական հագուստից կարելի է առանձնացնել 8-10 տարեկան երխաների կոշիկը(37.2 տոկոս գնաճ), մանկական վերնահագուստ(24.5 տոկոս) եւ այլն:
Նշենք, որ հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալների համաձայն, տարեկան կտրվածքով թեթեւ արդյունաբերության ներկրվող շատ ապրանքների մաքսային գները նույնպես բարձրացան՝ շատ դեպքերում երկնիշ թվով: Տղամարդու վերարկուի մաքսային արժեքն ավելացավ 1.7 անգամ, «կոստյում, պիջակ…» խմբի տղամարդու հագուստը՝ 3.3 անգամ, տղամարդու վերնաշապիկը՝ 2.3 անգամ:
Դժվար չէ նկատել, որ մաքսային արժեքը շատ ավելի շատ է աճել, քան մանրածախ գինը: Գների ֆենոմենը խնդրել են մեկնաբանել մասնագետի՝ հայրենական թեթեւ արդյունաբերության ներկայացուցչի:
Նրա կարծիքով՝ իրականում թեթեւ արդյունաբերության ապրանքների գնի կտրուկ աճի համար օբյեկտիվ պատճառներ չկան: Փաստացի մանրածախ գների աճը մասնագետը բացատրում է առեւտրում հարկային վարչարարությամբ, ինչպես նաեւ վաճառողների կողմից հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառմամբ: Այսինքն մեր վաճառողները սկսել են նշել իրական գները:
Ինչ վերաբերում է միջին մաքսային գներին, ապա դրանց աճը հնարավոր է բացատրել ստուգիչ գների ավելի ընդարձակ կիրառմամբ: Վերջիները, որպես կանոն, ներկրողների հաշվիչ ֆակտուրաներում նշվածից բարձր են: Ընդհանուր առմամբ վերջնական կարծիքը գնորդինն է՝ թանկացել է հագուստն ու կոշիկը, թե՝ ոչ:




























