Վերջին տարիներին Համշենի առեղծվածն սկսել է ավելի շատ հուզել համայն աշխարհի հայությանը: Ովքե՞ր են նրանք` մեր ազգակից համշենահայերը: Ինչպե՞ս են հենց իրենք սահմանում համշենական ինքնությունը: Ի՞նչ խնդիրների են հանդիպում Թուրքիայում և ի՞նչ լուծումներ առաջարկում դրանց համար: Ինչպե՞ս փրկել հայոց լեզվի Համշենի բարբառը անհետանալու վտանգից: Ի՞նչ գործունեություն է ծավալում նորաստեղծ համշենական «Հատիկ» միությունը: Ինչո՞ւ են բազմաթիվ համշենցիներ հարում ձախակողմյան շարժումներին: Արդյո՞ք համշենցիները շփումներ և կապեր ունեն աշխարհի հայության և Թուրքիայի սահմաններից դուրս բնակվող համշենահայերի հետ:

Այս բոլոր հարցերի շուրջ զրուցեցինք Թուրքիայում ապրող 3 համշենահայ մտավորականների հետ: Հարցազրույցը կայացել է համացանցի միջոցով` թուրքերեն լեզվով:

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔԸ «Հատիկ» միության փոխնախագահն է, նաև` համայն աշխարհում համշեներենով թողարկված առաջին ալբոմի հեղինակ երգիչներից մեկը:

ՋԵՄԻԼ ԱՔՍՈՒՆ իր քաղաքական պատճառներով 8 տարի անցկացրել է բանտում:

ԱՍԼԱՆ ՋԱՆՋԸՆ 2005-2009 թթ. զբաղեցրել է Խոպայի քաղաքապետարանի Հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրենի պաշտոնը: Ի դեպ` հենց այդ ժամանակաշրջանում է առաջին անգամ Խոպայի քաղաքապետ ընտրվել մի համշենահայ` Յըլմազ Թոփալօղլուն:

Մելինե Անումյան- Խնդրեմ ներկայացեք: Ո՞վ եք: Որտե՞ղ եք ծնվել: Հիմա որտե՞ղ եք ապրում: Որտե՞ղ եք աշխատում: Ի՞նչ գործունեություն եք ծավալում:


Հիքմեթ Աքչիչեք- Անունս Հիքմեթ Աքչիչեք է: Ծնվել եմ 1963 թ., Թուրքիայի` Վրաստանին սահմանակից Խոպա գավառում, համշենահայ ընտանիքի զավակ եմ: Համշենցի եմ, մայրենի լեզուս համշեներենն է: Եղբայրս և ազգականներս ներկայում ապրում են Խոպայում: Տարրական կրթությունս ստանալուց հետո հեռացել եմ ծննդվայրիցս` կրթությունս շարունակելու նպատակով: Համալսարանական կրթություն ստացել եմ Ստամբուլում, ուր և բնակվում եմ 1981 թ. ի վեր: Ամեն տարի 1-2 անգամ Խոպա եմ գնում:

Ամուսնացած եմ, ունեմ երկու աղջիկ: Կինս համշենցի չէ, և երեխաներս համշեներեն չգիտեն: Աշխատում եմ մի մասնավոր ընկերությունում` որպես ֆինանսների ղեկավար:

2005 թ. Խոպայի համշենական մեղեդիները ժողովելով` իմ ընկերների հետ «Վովա»  (Համշենի բարբառով նշանակում է «Ո՞վ է» -Մ.Ա.) անվամբ մի երաժշտական ալբոմ ենք թողարկել, որը համայն աշխարհում համշեներենով պատրաստված առաջին երաժշտական ալբոմն է: Ներկայում զբաղված եմ երկրորդ ալբոմի պատրաստման աշխատանքներով:

Ջեմիլ Աքսու- Ավարտել եմ Ստամբուլի Բիլգի համալսարանի Փիլիսոփայության բաժնի մագիստրատուրան: Արդվին նահանգի Խոպայում ապրող համշենցիներից եմ: 2008 թ. մի խումբ ընկերների հետ միասին սկսեցի հրատարակել «Բիրյաշամ» ամսագիրը: Հանդեսը որոշ ժամանակ անց փակվեց, բայց ես շարունակում եմ տարբեր թեմաներով ուսումնասիրություններ անել: 2013 թ. հրատարակվեց իմ հոդվածը` Արդվինի հայերի վերաբերյալ («Թարիհ վե թոփլում», թիվ 16): Համշենցիների մասին մի հոդվածս էլ տպագրվեց «Թոփլումսալ թարիհ» հանդեսում (2013 թ. օգոստոս):

Ասլան Ջանջը- Անունս Ասլան Ջանջը է: Ծնվել եմ 1964 թ. հունիսի 3-ին Արդվին նահանգի Խոպա գավառի Քեմալփաշա գավառակի Չամուրլու (Չանչախանա/Չօնչախան/Չօնչաղօն- Մ.Ա.) գյուղում: 1988 թ. ավարտել եմ Ստամբուլի համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժինը: Աշխատում եմ Խոպայի քաղաքապետարանում:

Մելինե Անումյան- Ինչպե՞ս կարող եք սահմանել համշենական ինքնությունը: Ո՞վ է համշենցին, համշենահայերի քանի՞ խմբեր կան, և ո՞ր վայրերում են բնակվում այդ խմբերը:

Հիքմեթ Աքչիչեք- Մենք` Թուրքիայում ապրող համշենցիներս, համշենցի լինելն ընկալում ենք որպես մեր հարևան լազերից, վրացիներից, հույներից և քրդերից առանձնացող մի մշակույթ, առանձին ժողովուրդ, առանձին էթնիկ ինքնություն: Սակայն, չնայած այդ ընկալմանը, թուրքաբնակ համշենցիների մեծ մասը համշենականությունը յուրացրել է որպես ներքին ինքնություն, իսկ իրեն էթնիկ առումով համարում է թուրք ազգի մի մասը:

Համշենցիները գիտականորեն բաժանվում են 3 խմբի:

Արևելյան համշենցիներ. Արդվինի Խոպա և Բորչկա գավառում ապրող համշենցիները: Սույն խմբի որոշիչ տարրը, խումբ, որի մեջ ընդգրկված եմ նաև ես, համշեներենի մայրենի լեզու լինելն է և ներկայում առօրյա կյանքում կիրառվելը: Թեև վերջին 10-15 տարում համշեներենով խոսողների թիվը նվազում է, այնուամենայնիվ Խոպայում ծնված ու մեծացած համշենցիները կարողանում են համշեներեն խոսել և հասկանալ:

Խոպայի համշենցիների մի մասը 1778-1779 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակաշրջանում արտագաղթել է Դյուզջեի և Ադաբազարի կողմերը, իսկ Վրաստան-Թուրքիա սահմանի` Բաթումի կողմերում մնացած մի մասն էլ 1944 թ. աքսորվել է Ղազախստան և Ուզբեկստան: Այս խմբի մի հատվածը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գաղթել է Ռուսաստանի Կրասնոդարից մինչև Մոսկվա ձգվող որոշ շրջաններ:

Արևմտյան համշենցիներ. սրանք համշենցիների մայր հայրենիքը եղող Ռիզեի Հեմշին, Չամլըհեմշին գավառներում և Իքիզդերե, Չայելի, Փազար, Արդիշեն, Ֆընդըքլը գավառների ներքին լեռնային հատվածներում ապրող համշենցիներն են: Ըստ պատմական տեղեկությունների և ավանդության` այս համշենցիները Օսմանյան պետության կողմից Տրապիզոնի նվաճումից հետո համեմատաբար վաղ շրջանում իսլամացած և այդ պատճառով էլ իրենց հայրենի հողում մնացած մարդիկ են: Արևմտյան համշենցիները համշեներեն չգիտեն. նրանք խոսում են միայն իրենց հատուկ առոգանությամբ թուրքերենով, որում սպրդել են նաև համշեներեն/հայերեն բառեր, որոնց պատկառելի մասը տեղանուններ են:

Թուրքաբնակ բոլոր համշենցիները մահմեդական են և սուննի ուղղության հետևորդ:

Հյուսիսային համշենցիներ. սույն խումբը կազմում են այն համշենցիները, ովքեր օսմանցիների կողմից 1461 թ. Տրապիզոնի գրավումից հետո այս շրջանում ենթադրաբար գործադրված կրոնափոխության ճնշումների հետևանքով, առանց դավանափոխ լինելու, գաղթել են Տրապիզոն-Օրդու-Սամսոն շրջաններ, իսկ ավելի ուշ էլ` 1850 թ. սկսած և 1915 թ. տեղահանության/ցեղասպանության ժամանակ հարկադրված են եղել գաղթել Աբխազիա և Ռուսաստանի Սոչի քաղաքը: Որքանով որ տեղյակ եմ իմ ընթերցած աղբյուրների և վերջին տարիներին ունեցածս շփումների շնորհիվ, այս խումբը քրիստոնյա է, խոսում է համշեներեն և իրեն համարում հայ ազգի մի մասնիկը: Թեև սկզբում այս խմբի մեծ մասն Աբխազիայում է բնակվել, սակայն վերջին տարիներին աբխազաբնակ համշենցիների թիվը լրջորեն նվազել է և առավելապես ցրվել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի որոշ քաղաքներում:

Ջեմիլ Աքսու- Արևելասևծովյան շրջանի տեղացի ժողովուրդներից եղող համշենցիները ներկայացնում են մի ինքնություն, որն ունի թե' տարածքային և թե' էթնիկ առանձնահատկություններ: Արևելասևծովյան շրջանի Տրապիզոն, Ռիզե և Արդվին նահանգների բազմաթիվ գավառներում, նաև այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Էրզրումը, Իզմիթը և Դյուզջեն, առկա են իրենց համշենցի անվանողների բնակավայրեր: Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում արված արձանագրություններում ներկայիս Հեմշինից, Չամլըհեմշինից և Քաչքարլարից անդին անդին գտնվող Իսպիր և Յուսուֆելիին ենթակա որոշ բնակավայրեր նշված են որպես Համշենի շրջան: Բացի այդ` Ռուսաստանի Սոչի, Կրասնոդար քաղաքներում, Ղազախստանում, Ուզբեկստանում և Կիրգիզիայում Խորհրդային Միության ժամանակաշրջանում տվյալ վայրեր աքսորվածների և իրենց համշենցի անվանողների բնակավայրեր կան: Ռուսաստանի Մոսկվա քաղաքում ևս բնակվում են համշենցիներ. Մոսկվայում գոյություն ունի «Համշենցիներ» անունը կրող մի հասարակական կազմակերպություն: Ընդհանուր առմամբ, թեև հիշյալ բնակավայրերի վերաբերյալ առկա են զանազան տեղեկություններ և փաստաթղթեր, որոշ տպագիր աղբյուրներում (գիրք, ամսագիր և այլն) ու համացանցում, սակայն, գոյություն չունեն համշենցիների և Համշենի շրջանից արտագաղթի գործընթացների պատճառների, տարեթվերի և հետևանքների մասին համապարփակ գիտական ուսումնասիրություններ: Համշենցիներից քրիստոնյա են միայն Ռուսաստանի Կրասնոդար, Սոչի և Մոսկվա քաղաքներում ապրողները:

Ըստ իս` համշենականությունը խառնածին ինքնություն է: Սույն ինքնությունը որքանով որ ընդգրկում է մի ժամանակ Ռիզեի Համշենի շրջանում բնակված, սակայն ժամանակի ընթացքում կա'մ կրոնական և ինքնության փոփոխությունների ենթարկված, կա'մ էլ իր հայրենի երկրից արտագաղթել հարկադրված համշենահայերին, նույնքան էլ վերաբերում է մի ամբողջ դարաշրջան տևած գաղթերի միջոցով այս շրջան եկած կամ պետության կողմից այս կողմերում բնակեցված, բայց իրենց ծագման վայրի մշակույթների հետ միախառնված, ուրիշ էթնիկ և կրոնական ծագում ունեցող, բայց այսօր Համշենն իրենց «հայրենիքը», իրենց էլ` համշենցի համարող անձանց: Հենց այս տեսանկյունից էլ բարդ է համշենցու ինքնության սահմանումը: Օրինակ` այն դեպքում, երբ խոպացի համշենցիները և նրանց ազգականները` Ստալինի ժամանակաշրջանում Բաթումից աքսորված համշենցիները խոսում են համշեներեն, ավելի ճիշտ` արևմտահայերեն, ապա Չամլըհեմշինում, Հեմշինում և Թուրքիայի մյուս նահանգներում ապրողները և իրենց համշենցի անվանողներն այդ լեզվով չեն հաղորդակցվում և անգամ ասում են, որ բոլորովին չեն լսել դրա մասին, չգիտեն այն: Այնինչ լեզուն վերին աստիճանի կարևոր գործոն է` որևէ էթնիկ ինքնության սահմանման առումով:

Համշենական ինքնության բնորոշման ժամանակ հանդիպող այլ դժվարություններ էլ կան: Մի ժամանակ` ոչ շատ հեռավոր անցյալում` մինչև 20-րդ դարի սկիզբ, Օսմանյան պետության Տրապիզոնի նահանգի Հեմշին գավառում ապրած հայերի` այլ վայրերի հայերի հետ հարաբերությունները ևս հանելուկային են: Համշենահայերի կրոնափոխության գործընթացին վերաբերող փաստաթղթերը, (մինչև 19-րդ դարի վերջերը), ցույց են տալիս, որ դավանափոխությունը գրեթե ավարտվել է, իսկ հավատափոխ լինել չցանկացողներն էլ գաղթել են այնպիսի շրջաններ, ինչպիսիք են Ստամբուլը և Ջանիքը: Սակայն որևէ ապացույց չկա, որ այդ կրոնափոխությունը եղել է Օսմանյան պետության քաղաքականությունը: Քանի որ Համշենի երկու կողմերում գտնվող և նշանավոր հոգևոր կենտրոններ Խոդաչուրում ու Տրապիզոնում ապրող հայերը և նրանց եկեղեցիները գործում էին մինչև 1915 թ. Ցեղասպանությունը, ապա տրամաբանական է թվում այդ ընթացքում Համշենում եղած հայերի դավանափոխությունը տեղացի ավատատերերի և տնտեսական ճնշումներով պատճառաբանելը:

Մյուս կողմից` դեռևս անհայտ է նաև, թե Հայոց մայր հայրենիքի և հայ զանգվածի հետ ինչ հարաբերություններ են ունեցել համշենահայերը` Համշենում բնակություն հաստատելուն հետևած և դարեր տևած գործընթացում: Գաղտնիք են մնացել նաև դարեր շարունակ համշենաբնակ հայերի հոգևոր կենտրոններ հանդիսացած եկեղեցիների պատմությունը և այդ եկեղեցիներում պահվող մատյանները:

Ուստի այսօր անհնար է դյուրին կերպով որոշել, թե իրեն համշենցի համարող մեկը հայկակա՞ն ծագում ունի, թե՞ մեկն է նրանցից, ում պապը մի ժամանակ ապրել է Համշենի գավառում և այստեղից գաղթել այլ վայրեր: Նման համշենցիների մեջ միակ բացառությունը կազմում են արևմտահայերենի բարբառներից մեկը համարվող համշենահայերենով խոսող համշենցիները: Որևէ լեզու, այն էլ` ճնշումների, Ցեղասպանության ենթարկված մի ժողովորդի լեզուն անհնար է սովորել հայերի հետ դրացիական հարաբերությունների արդյունքում, ինչպես դա փորձում են պնդել թուրք ազգայնականները: Եվ եթե անգամ սովորեն էլ, միևնույն է` այն չի կարող վերածվել մայրենի լեզվի, համենայնդեպս` այդչափ կարճ մի ժամանակահատվածում: Հետևաբար համշենահայերենի առկայությունը և այն փաստը, որ սույն լեզուն դեռ կիրառվում է, համշենցիների հայկական ծագումը ցույց տվող ամենաէական ապացույցն է: Եւ, ըստ իս, համշենահայերենով հաղորդակցվող համշենցիներն այն համշենահայերն են, ովքեր դեռևս լավ պատկերացում չունեն, թե պատմության ընթացքում ինչեր են եկել իրենց գլխին:

Ասլան Ջանջը- Համշենցիները մի էթնիկ հանրություն են կազմում և բնակվում են Արդվին նահանգի Խոպա և Բորչկա գավառներում, Ռիզե նահանգի Չամլըհեմշին, Փազար, Ֆընդըքլը և Չայելի գավառներում, ինչպես նաև` Ադաբազարում: Բացի ադ` մահմեդական և քրիստոնյա համշենցիներ կան նաև Ռուսաստանի Կրասնոդար, Սոչի քաղաքներում և Աբխազիայում: Թուրքաբնակ համշենցիները, բացառությամբ Խոպայում, Բորչկայում և Ադաբազարում բնակվողների, չեն խոսում հայերենի բարբառներից մեկը հանդիսացող համշենահայերենով:

Մելինե Անումյան- Թուրքիայում ապրող համշենցիները, որպես էթնիկ խումբ, ի՞նչ խնդիրների են հանդիպում: Ըստ Ձեզ` ինչպե՞ս է հնարավոր լուծել այդ խնդիրները:

Հիքմեթ Աքչիչեք- Թուրքիայում զուտ համշենցի լինելու պատճառով մասնավոր խնդրից առավել կարելի է արձանագրել շատ ավելի ընդգրկուն, ժողովրդավարության պակասով պայմանավորված խնդիրներ, երբ բոլոր ոչ թուրք լեզուների և մշակույթների նկատմամբ գործադրվում է ուծացման, օտարացման, արհամարհանքի, ստորացման քաղաքականություն, և երբ, հատկապես, ոչ մուսուլման հատվածները զուրկ են որոշ հնարավորություններից և իրավունքներից:

Համշենցիների առումով հիմնական խնդիրը համշեներենի հետզհետե վերացումն է: Իսկ որևէ լեզվի անհետացում պայմանավորված է ոչ միայն կիրառվող ասիմիլացիոն-ազգայնամոլ քաղաքականությամբ, այլ նաև` կապիտալիզմի զարգացման պատճառով ի հայտ եկող ուրբանիացիայով և գլոբալիզացիայով: Մարդկանց մեծ մասի մոտ գոյություն չունի լեզվի, ինքնության, մշակույթի պահպանման գիտակցություն:

Սույն խնդիրների մի մասը կարելի է լուծել տուժած ժողովուրդների պահանջների և պայքարի միջոցով Թուրքիան զարգացած ժողովրդավար երկիր վերածելու շնորհիվ: Թեև շատ սահմանափակ, այնուամենայնիվ, այդ ուղղությամբ արդեն իսկ առկա են որոշ փոփոխություններ ու քայլեր (այնպիսի օրինական կարգավորումներ, ինչպիսիք են թուրքերենի հետ մեկտեղ որոշ լեզուների` դպրոցներում որպես ընտրովի դաս ընդգրկելը, այդ լեզուներով հրապարակումներ և քաղաքական քարոզչություն տանելու հնարավորությունը և այլն), սակայն դեռ երկար ճանապարհ ունենք գնալու այդ ուղղությամբ: Իսկ դա հնարավո՞ր է: Է~հ… հույս, մտադրություն, կամք և հավանականություն…

Ջեմիլ Աքսու- Թուրքիայում բոլոր էթնիկ խմբերի հիմնական խնդիրը սեփական ինքնության, լեզվի և մշակույթի պահպանումն է: Թուրքիայի Հանրապետության բոլոր հիմնադիր կադրերը Օսմանյան պետության պաշտոնյաներն էին, ովքեր գաղափարապես կրթվել էին Միություն և առաջադիմություն կուսակցության շրջանակներում: Սույն կադրերի հիմնական հավատամքը բոլորին թուրք և սուննի մահմեդական դարձնելն էր: Այդպիսով նրանք նպատակ ունեին ազգային միասնություն ապահովել: Այդ պատճառով էլ թուրք և մուսուլման չեղող բոլոր էթնիկ ու կրոնական խմբերը պետության թեթև ձեռքով ենթարկվեցին ուծացման: Այդ ուծացումը որքան էլ թե' ներքին դիմադրության և թե' փոփոխվող միջազգային իրադրության պայմաններից ելնելով` ընկրկած լինի, այնուհանդերձ շարունակում է լինել թուրքական պետության պաշտոնական քաղաքականությունը:

Համշենցիների պարագայում կարելի է խոսել վերացման գործընթացից: Թե' պետության ասիմիլացիոն քաղաքականության և թե' տնտեսական ու սոցիալական պայմանների հետևանքով համշենահայերենն ու համշենական մշակույթը մեծավ մասամբ վերացված են: Համշենահայերենի բառապաշարը վերին աստիճանի աղքատացել է: Սերունդների մեջ մի մեծ վիհ է առաջացել: Համշենահայերենը 1990-ականների կեսերից սկսած երաժշտության մեջ (Քազըմ Քոյունջու և այլ երգիչներ) և կինեմատոգրաֆիայում (Օզջան Ալպերի «Մոմի» և «Աշուն» ֆիլմերը) կիրառվելու շնորհիվ զարթոնք է ապրել` վրայի մահվան հողը թոթափելով: Սակայն դեռ մահվան մահճում է:

Թուրքական կառավարությունը 2013 թ. կանաչ լույս է վառել, որպեսզի բազմաթիվ լեզուներ, որպես ընտրովի դաս, ուսուցանվեն դպրոցներում: Սակայն համշենահայերենը չի ընդգրկվել այդ լեզուների շարքում: Մյուս կողմից էլ` խնդրահարույց է նաև համշենահայերենի` հայերենից առանձին լեզու ընդունելն ու սովորեցնելը: Համշեներենը հայերենի ճյուղերից մեկն է: Սակայն հնարավոր չէ այդ լեզուն հայկական դպրոցներում ուսուցանել, համշենցիներն էլ, քանի որ մահմեդական լինելու պատճառով պետության կողմից թուրք են համարվում, չեն կարող հաճախել հայկական դպրոցներ: Ո՞վ գիտե, միգուցե քանի որ պետությունը համշենցիներին հայ է համարում, համշեներենն էլ` հայերեն, ապա չի կարծում, թե մեր լեզուն պետք է առանձին ուսուցանվի:

Սակայն այս հարցում մեկ այլ խնդիր էլ կա. Համշենահայերենին նվիրված լեզվաբանական աշխատություններ առանձնապես հայտնի չեն: Ես տեղյակ եմ, որ Հայաստանի որոշ լեզվաբաններ կարևոր ուսումնասիրություններ են արել այս բնագավառում, բայց մենք` համշենցիներս, չենք կարողանում հայերեն տառերը կարդալ ու գրել: Հետևապես անհրաժեշտ է բազմակողմանի թարգմանության և ուսուցման գործընթաց: Համշենցի մտավորականները պետք է հայերեն սովորեն, հայերենով տեքստերը թուրքերեն և համշեներեն թարգմանեն: Բացի այդ` հարկավոր է այնպիսի ինստիտուտներ հիմնել, որոնք համշեներենի ուսուցման աշխատանքներ կտանեն:

Ասլան Ջանջը- Թուրքաբնակ համշենցիների` համշենահայերեն խոսել կարողացողների վերաբերյալ կարող եմ ասել հետևյալը. համշենցիների նոր սերունդները հետզհետե ավելի քիչ են հաղորդակցվում այս լեզվով: Թուրքերեն բառեր ավելի հաճախ են սպրդում համշենահայերենի մեջ, թեև դրանց համշեներեն տարբերակները գոյություն ունեն: Եթե որևէ միջոց չձեռնարկվի, համշենահայերենը հետզհետե կթուլանա և, ի վերջո, գուցե վերանա: Սույն վտանգը շատ մեծ է, քանի որ համշեներենը գրավոր լեզու չէ:

Մելինե Անումյան- Շփումներ ունեցե՞լ եք Ռուսաստանի և Աբխազիայի համշենցիների հետ:

Հիքմեթ Աքչիչեք- Համացանցով նամակագրական կապ ենք ունեցել Ռուսաստանում և Աբխազիայում ապրող համշենցիների հետ, իսկ 2012 թ. ռուսաստանաբնակ համշենցիների հրավերով «Վովա» երաժշտական խմբի հետ հնարավորություն ունեցա երկու համերգ տալ Մոսկվայում և Սոչիում: Այս համերգների կապակցությամբ «Հատիկ» միությունից մի քանի ընկերներով Մոսկվա և Սոչի մեկնելով` առիթ ունեցանք ծանոթանալու այնտեղի մեր համշենցի եղբայրների հետ: Մեր առաջին դեմ առ դեմ երկխոսությունը եղավ հենց այդ համերգների առթիվ մեր ունեցած շփման շնորհիվ:

Ջեմիլ Աքսու- Այնտեղի համշենցիների հետ ուղղակի շփումներ չեմ ունեցել: Այնտեղի համշենցիների մասին տեղեկացված եմ` «Հատիկ»-ի և Համշենի մշակույթի ու պատմության վերաբերյալ ուսումնասիրություններ անող ընկերներիս շնորհիվ:

Ասլան Ջանջը- Ես ժամանակ առ ժամանակ շփումներ ունենում եմ ռուսաստանաբնակ համշենցիների հետ:

Մելինե Անումյան- 2011 թ. հոկտեմբեր ամսին Ստամբուլում հիմնվեց «Հատիկ»  (Համշենական մշակույթի ուսումնասիրման և պահպանման կազմակերպություն) միությունը: Դուք անդամագրվա՞ծ եք այդ միությանը: Ինչպիսի՞ գործունեություն է ծավալում և ի՞նչ տեսակի աշխատանքներ է կատարում սույն կազմակերպությունը: Ձեր կարծիքով այս միությունն ուրիշ ինչպիսի՞ միջոցառումներ կարող է իրականացնել` համշենական մշակույթը պահպանելու նպատակով:

Հիքմեթ Աքչիչեք- «Հատիկ» միությունը հիմնվել է 2011 թ. հունիսին, իսկ 2011 թ. հոկտեմբերին, իր կենտրոնը բացելով, սկսել փաստացի գործունեությունը: Ես միության 7 հիմնադիր անդամներից մեկն եմ և ստեղծումից ի վեր կատարում եմ գլխավոր քարտուղարի պարտականությունները: «Հատիկ»-ը հիմնվել է համշենական լեզվի, մշակույթի, պատմության ոլորտներում գիտական, մշակութային, արվեստի աշխատանքներ կատարելու և անդամների միջև սոցիալական համերաշխություն ամրապնդելու նպատակով: Դեռևս չենք կարող ասել, թե ազդեցիկ, հագեցած գործունեություն է ծավալել, սակայն «Հատիկ»-ի հիմնումը, որպես առաջնային քայլ, ինքնին կարևոր է: «Հատիկ»-ի հիմնումով առաջին անգամ Թուրքիայում հատկապես համշեներեն խոսող համշենցիները միավորվեցին մեկ կառույցի մեջ և համշենականության միջոցով դարձան մի գործունեության սուբյեկտ: Մեր միությունում մինչ այժմ իրականացվել են տարբեր միջոցառումներ. ներկայացվել է մեր երաժշտությունն ու պարերը, մատուցվել են մեր ավանդական ուտեստներ, կազմակերպվել են համերգներ, ճաշկերույթներ, նվագել են մեր գործիքներով` պարկապզուկով, կինեմատոգրաֆիայի ուղղությամբ մեր գիտելիքները հարստացնելու նպատակով սեմինարներ կազմակերրպվել, զեկուցումներ` լեզվի և մշակույթի թեմայով, հանդիպումներ` յայլաներում, զբոսանավով զբոսանքներ, բացի այդ` որոշ ուսանողների կթաթոշակի հնարավորություն ենք ստեղծել: Երիտասարդ գիտնականների հետ իրականացվում է մի գիտական աշխատանք, որի ուսումնասիրության առարկան համշեներենի քերականական կառուցվածքն է:

«Հատիկ»-ը պետք է հիմք լինի համշեներեն լեզվով մշակութային, արվեստի, գիտական նախագծերի իրականացման, ստեղծագործությունների արարման և այլնի համար, պետք է այնպիսի ուսումնասիրություններ կատարի համշենական մշակույթի և լեզվի ուղղությամբ, որոնք նախ` կավելացնեն համշենցիների հետաքրքրությունն այս թեմաների նկատմամբ, պետք է անհրաժեշտ գործունեություն ծավալի, հնարավորություններ ստեղծի` որպեսզի համշեներենը չվերանա, խրախուսի այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Ջեմիլ Աքսու- Ես մասնակցել եմ «Հատիկ» -ի հիմնադրման աշխատանքներին, կազմակերպության Խորհրդակցական խորհրդի անդամ եմ: Մենք «Հատիկ»-ը ստեղծել ենք երկու նպատակով. առաջին` ինչպես վերևում էլ եմ համառոտ անդրադարձել այդ հարցին, ուսումնասիրություններ կատարել համշենական մշակույթի և լեզվիվերաբերյալ, աջակցել այս բնագավառում աշխատող հետազոտողներին, երկրորդ` ապահովել, որ համշենցիները ծանոթանան միմյանց հետ և միավորվեն: Երկրորդ ուղղությամբ կազմակերպությունը որոշ աշխատանքներ կատարել է: Թուրքիայում բնակվող համշենցիների մեծ մասը տեղյակ է միության հիմնադրման մասին և հետևում է նրա գործունեությանը: Սակայն մենք, որպես կազմակերպություն, մեր հիմնական նպատակի ուղղությամբ դեռևս աշխատանքներ չենք իրականացրել: Դրա հիմնական պատճառը ցրվածությունն ու տեխնիկական դժվարություններն են: Սակայն ես կարծում եմ, որ կարճ ժամանակամիջոցում աշխատանքներ կանենք նաև այս ուղղությամբ:

Ասլան Ջանջը- Այո', ես անդամագրված եմ «Հատիկ» միությանը: Սակայն չեմ կարողանում մասնակցել «Հատիկ»-ի` Ստամբուլում տեղի ունեցող միջոցառումներին, քանի որ բնակվում եմ Խոպայում: Կազմակերպությունը երբեմն զանազան հավաքներ, ուղևորությոններ և մշակութային միջոցառումներ է իրականացնում անդամ եղող և չեղող համշենցիների հետ: Միության նպատակը համշենական մշակույթի, լեզի պահպանման ուղղությամբ բազմազան գործունեություն ծավալելն է:

Մելինե Անումյան- UNESCO-ի հրապարակած «Վտանգի տակ գտնվող լեզուների ատլասը» ցույց է տալիս, որ 18 լեզու Թուրքիայում վերացման վտանգի տակ է: Համշեներենը տեղ է գտել «բացահայտ վտանգի տակ եղող» լեզուների կատեգորիայում: Ըստ Ձեզ` ուրիշ ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել, որպեսզի համշենահայերենը չվերանա, և պահպանվի համշենական մշակույթը:

Հիքմեթ Աքչիչեք- Ինչպես վերևում նշեցի, համշեներեն լեզվով մշակութային և գիտական ստեղծագործություններ ստեղծելը և նախագծեր իրականացնելը հիմնարար անհրաժեշտություն է: «Հատիկ»-ն ինքն էլ կարող է համշեներենի վերաբերյալ աշխատանքներ կատարել, համշեներենի ուսուցման համար ծրագրեր իրականացնել, դասընթացներ կազմակերպել: Բացի այդ` պետք է միջին տևողությամբ անհրաժեշտ գիտական ներկառուցվածքային ուսումնասիրություններ անելով` ապահովել, որ համշեներենը դասավանդվի դպրոցներում:

Համշեներենի պահպանման և զարգացման առւմով մեկ այլ հնարավորություն է նաև հայ գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների և, անգամ, Հայաստանի հետ երկխոսության զարգացումը: Կարող ենք արձանագրել, որ գիտության, մշակույթի և արվեստի շրջանակների հետ, թեկուզ և սահմանափակ, այնուամենայնիվ, առկա է երկխոսություն, սակայն Հայաստանի պետության հետ քաղաքական և պատմական պատճառներով մոտ ժամանակներում անհնար է թվում այնպիսի առնչություն, որպիսին նկատում ենք Վրաստանի պետության և թուրքաբնակ վրացիների պարագայում:

Ջեմիլ Աքսու- Նախ և առաջ պետք է համշենահայերենի բառարան կազմել և կենդանի համշեներենն արձանագրելով` փրկել նրան վերացումից: Համշենական լեզվի և մշակույթի վերաբերյալ աշխատանքները գիտական հենքի վրա դնելու համար հարկավոր է մի անկախ կամ համալսարանին կից ինստիտուտ հիմնել: Բացի այդ` պետք է տարբեր վայրերում և ժամանակներում հրատարակված` համշենահայերի վերաբերյալ հոդվածները, գրքերը և այլ փաստաթղթեր մեկտեղելով` դրանք հասանելի դարձնել բոլորին: Համշենական լեզուն ու մշակույթը պահպանելու և զարգացնելու համար անպայման պետք է խրախուսել համշեներենով գրականության և արվեստի գործերի ստեղծումը:

Ասլան Ջանջը- Այո', UNESCO-ի հրապարակած «Վտանգի տակ գտնվող լեզուների ատլասում» համշեներենի վերաբերյալ առկա է «բացահայտ վտանգի տակ գտնվող» նշումը: «Վտանգը կանխելու» համար կարելի է համշեներեն դասընթացներ կազմակերպել, համշենահայերենն ինչ-որ կերպ գրավոր լեզվի վերածել, ավելի հասանելի դարձնել խոսքային և տեսողական միջոցներով: Կարելի է այս գործընթացում ապահովել համշենահայ մտավորականների մասնակցությունը և հատկապե'ս պետք է ապահովել:

Մելինե Անումյան- Ինչպես հայտնի է, բազմաթիվ համշենահայեր, գլխավորապես խոպացի համշենցիներն ընդգրկված են ձախակողմյան շարժումներում: Որո՞նք են դրա պատճառները: Ուրիշ ո՞ր քաղաքական հոսանքներում են տեղ գտել համշենցիները:

Հիքմեթ Աքչիչեք- Սույն հարցի վերաբերյալ մինչ այժմ որևէ գիտական ուսումնասիրություն և վերլուծություն չի կատարվել: Խոպայի համշենցիների այդ հակումն առանձնապես տարածված չէ մյուս համշենցիների մեջ: Օրինակ` 1778-79 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակաշրջանում Խոպայից Ադաբազար և Դյուզջե շրջաններ գաղթած համշենցիների մոտ, ընդհակառակը, առավել տարածված են թուրքական ազգայնամոլությունը և իսլամական քաղաքական միտումները: Ռիզեի շրջանի համշենցիների մեջ ևս զգալիորեն մեծ տեղ են զբաղեցնում թուրքական ազգայնական տեսակետները:

Այս հարցում իմ անձնական մեկնաբանությունը հետևյալն է. Խոպայի համշենցիների` ձախակողմյան հոսանքներին հարելու մեջ դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ Համշենի շրջանից համեմատաբար ավելի ուշ ժամանակաշրջանում (հավանաբար մոտ 18-րդ դարում) Խոպա գաղթած համշենցիները պայքար են մղել տեղացի լազերի դեմ` տնտեսական, սոցիալական և քաղաքական կյանքում հաստատվելու համար: Դեռևս 50-60 տարի առաջ Խոպայի համշենցիները առանձնապես չէին կարողանում տեղ գրավել Խոպայի սոցիալական և քաղաքական կյանքում: Այդ ձևով նաև պետական հնարավորություններն օգտագործելով` համշենցիներին տեղական տնտեսական, քաղաքական կյանքից, տեղական կառավարումից դուրս պահելը (առանձին անդրադարձի նյութ է նաև այն, թե այդ ուղղությամբ պետության կամքը ևս եղել է, թե ոչ) տեղիք է տվել, որ Խոպայի համշենցիների մեջ ձևավորվի ընդդիմադիր ինքնություն, որ նրանք լինեն տուժածի, արհամարհվածի, ճնշվածի կողքին, դեմ լինեն անիրավացիություններին և անարդարություններին ու համակրանք տածեն իշխանությանն ընդդիմադիր ձախակողմյան քաղաքական գաղափարների նկատմամբ և հանդես գան որպես այդ ուղղությամբ պայքարող անձինք: Քանի որ Ռիզեի համշենցիները 780 թ. ի վեր նույն տարածքում են ապրել (հենց Ռիզեում է գտնվում բուն Համշենը` Համամաշենը-Մ.Ա.), այնտեղ նման խնդիր չկա: Ինչ վերաբերում է Դյուզջե և Ադաբազար շրջաններին, ապա համշենցիներն այդ վայրերում նույնպես, մյուսների համեմատ, տեղաբնակ ժողովուրդ են, որովհետև այս շրջաններ գաղթ է եղել Բալկաններից և Կովկասից:

Ջեմիլ Աքսու- Քաղաքականության մեջ համշենցիների` ձախակողմյան շարժումների հանդեպ ավելի մեծ համակրանք տածելու պատճառները պայմանավորված են նրանց` պետության կողմից տնտեսական, սոցիալական և մշակութային առումներով արհամարհվելու, ճնշումների ենթարկվելու հանգամանքներով: Սակայն, ինչպես բոլոր ընդհանրացումների դեպքում, այս ընդհանրացման ժամանակ ևս պետք է վերապահում արվի: Այս ընդհանրացումից չենք կարող հետևություն անել, թե անխտիր բոլոր համշենցիներն են ձախակողմյան: Ընդհակառակը` Սևծովյան շրջանից այնպիսի վայրեր գաղթած համշենցիները, ինչպիսիք են Դյուզջեն, Աքչաքոջան, Դիլօվասըն, կատաղի թուրք ազգայնամոլներ են, և նրանցից շատերն այնպիսի անձինք են, ովքեր մասնակցություն են ունեցել պետության կեղտոտ գործերին: Քաղաքականության մեջ նրանց ունեցած դերերը տարբեր են` պայմանավորված այնպիսի գործոններիով, ինչպիսիք են նրանց ստացած կրթությունը, գործնական հնարավորությունները, բնիկ թե գաղթական լինելը:

Ասլան Ջանջը- Այո', բազմաթիվ համշենցիներ, գլխավորապես` Խոպայի համշենահայերը տեղ են գտել ձախակողմյան շարժումներում և դեռ շարունակում են հարել դրանց: Անշուշտ այս երևույթը պայմանավորված է զանազան հանգամանքներով: Ինքս կարծում եմ, որ իրականում նրանք ձախակողմյան-մարքսիստական ուղեգիծ են որդեգրել պաշտոնական հանրության մեջ ընդունված չլինելու և անընդհատ արհամարհված վիճակում գտնվելու պատճառով:

Մելինե Անումյան- Երբևէ այցելե՞լ եք Հայաստան: Արդյոք շփումներ ունե՞ք Հայաստանի և սփյուռքի հայերի հետ:

Հիքմեթ Աքչիչեք- Հայաստան ենք եկել 2008 թ., Նարեկացի արվեստի միության կազմակերպությամբ համերգ տալու նպատակով: 3 համերգ ենք տվել այնտեղ: Նույն թվականին Երևանում կայացել է նաև Համշենին նվիրված մի գիտաժողով, որին գիտնականներ են մասնակցել նաև Թուրքիայից: Այդ կապակցությամբ ծավալված մեր երկխոսությունը շարունակվում է, իսկ բարեկամական կապերը` պահպանվում: Հետագա տարիներին Հայաստանից ժամանած որոշ ընկերների հետ հանդիպման առիթներ ենք ունեցել Թուրքիայում, մեր որոշ գիտնական բարեկամներ հյուրընկալվել են մեզ մոտ, և նրանց հետ միասին մի քանի անգամ հնարավորություն ենք ունեցել շրջելու Խոպայի և Համշենի տարածքներում:

Թուրքիայում, հատկապես «Ակօս» շաբաթաթերթում աշխատող որոշ հայ ընկերներ ունենք, սակայն երևանյան համերգի շնորհիվ հաստատածս 1-2 կապերից բացի, ուրիշ որևէ երկխոսություն չեմ ունեցել սփյուռքահայերի հետ:

Ջեմիլ Աքսու- Չնայած որ ընկերություն եմ անում Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ հայերի հետ, սակայն, դժբախտաբար, բախ չեմ ունեցել Հայաստան այցելելու:

Ասլան Ջանջը- Այո', մի քանի անգամ եկել եմ Հայաստան: Սփյուռքահայերի հետ ևս ծանոթանալու առիթ եմ ունեցել, երբ նրանք խմբով կամ անհատապես այցելել են Թուրքիա:

Մելինե Անումյան- 2013 թ. սեպտեմբերի 30-ին Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության կառավարությունը հրապարակեց «Ժողովրդավարացման փաթեթը»: Եթե փաթեթում տեղ հատկացվեր նաև համշենցիներին, ապա ի՞նչ առաջարկություններով հանդես կգայիք Դուք:

Հիքմեթ Աքչիչեք- Փաթեթում հնարավորություն է տրվում, որ բացի թուրքերենից, նաև քրդերենը կրթության լեզու դառնա մասնավոր դպրոցներում: Մինչ այդ էլ քրդերենը պետական դպրոցներում ընդգրկվել էր որպես ընտրովի դաս: Մայրենի լեզվի դասավանդումը և մայրենի լեզվով կրթությունը կամայական կերպով սահմանափակելը հակառակ է մարդու իրավունքներին: Մայրենի լեզվով կրթությունը և մայրենի լեզվի ուսուցումը մարդու հիմնարար իրավունքն է:

Եթե ես սպասում ունենայի կամ առաջարկ անեի փաթեթի առնչությամբ, ապա դա կլիներ դպրոցներում համշեներենի ընդգրկումը, որը  համշենցիների համար կլիներ պարտադիր, իսկ մյուս աշակերտների համար` ընտրովի, ինչպես նաև` այդ կրթության համար անհրաժեշտ ենթակառուցվածքի երաշխավորումը պետության կողմից: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք համշեներենը պե՞տք է լինի համշենցիների ընդհանուր կրթության լեզուն, ապա սույն խնդիրը մանկավարժության տեսանկյունից առանձին քննվելու կարոտ մի հարց է, և անձամբ ինձ նման առաջարկն անիրական է թվում` Թուրքիայի առումով:

Ջեմիլ Աքսու- Այդ փաթեթում կարող էր հետևյալ հոդվածը տեղ գտնել. Արդվինում գործում է Չորուհի (Ճորոխի- Մ.Ա.) համալսարանը, ես կառաջարկեի, որ այդ համալսարանի ենթակայության տակ Խոպայում հիմնվեր համշենական լեզուն ու մշակույթն ուսումնասիրող որևէ հաստատություն:

Ասլան Ջանջը- Ճիշտն ասած` Արդարություն և զարգացում կուսակցության կառավարության կողմից 2013 թ. սեպտեմբերի 30-ին հանրությանը ներկայացված «Ժողովրդավարացման փաթեթն» իրականում, հակառակ իր անվանը, հակաժողովրդավրական փաթեթ է: Ըստ էության խնդիրն այն է, որ ԱԶԿ կառավարությունը հասարակական ընդդիմությունը ճնշելու նպատակով է նման գործողություն ձեռնարկել: Հետևաբար նման կառավարությանը համշենցիների և համշենահայերի վերաբերյալ որևէ առաջարկով հանդես գալս զուր ջանք կլիներ:

Մելինե Անումյան- Ցանկանու՞մ եք որևէ բան հավելել:

Հիքմեթ Աքչիչեք- Թուրքաբնակ համշենցիների տեսակետների, գաղափարների և զգացումների վերաբերյալ ավելի իրատեսական արդյունքների հասնելու համար պետք է տեղ հատկացնել նաև տարբեր քաղաքական գաղափարներ կրող և զանազան սոցիալ-մշակութային բնագավառներ ներկայացնող անձանց տեսակետներին: Դժբախտաբար հայ համայնքից սույն խնդրի շուրջ ուսումնասիրություններ իրականացնող անձինք և հրատակարություններ անող հաստատությունները ավելի շատ կարողանում են շփվել կրթված, ձախակողմյան, սոցիալիստ, լիբերալ կամ դեմոկրատ մարդկանց հետ. հակառակը մտածող անձանց հանդիպելու հնարավորությունները խիստ սահմանափակ են: Օրիո'րդ Մելինե, ինչպես որ Դուք էլ էինք ինձ հայտնել, այս հարցազրույցին մասնակից մյուս անձինք ևս իմ ընկերներն են, ովքեր կրում են վերը նշածս հատկանիշները և, ընդհանուր առմամբ, մենք իրար նման մտածող մարդիկ ենք:

Ջեմիլ Աքսու- Համշենական լեզվի և ինքնության պահպանումն ու զարգացումը միայն համշենցիների պարտականությունը չէ, ովքեր այն կապահովեն իրենց աշխատանքներով: Հարկավոր է հայաստանցի գիտնականների գլխավորությամբ այս ոլորտում համագործակցություն և մնայուն գործակցություններ զարգացնել` համայն աշխարհում համշենցիների շուրջ ուսումնասիրություններ կատարողների միջև: Այդպիսով հնարավոր կլինի ցրված վիճակում գտնվող տեղեկություններն ու վավերագրերը մեկտեղել և մի արդյունավետ գործընթաց ապահովել:

Ասլան Ջանջը- Շնորհակալ եմ` մտքերս արտահայտելու հնարավորություն ընձեռելու համար:

 Նշում` հարցազրույցը հրապարակվել է կանադահայերի «Հորիզոն» շաբաթաթերթի ամանորյա հատուկ համարում: