NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է գրող Ռենե Ձագոյանի հոդվածը, որը հրապարակվել է «Nouvelles d՝Arménie»-ում:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2014թ.-ի հունվարի 27-ին երկօրյա այցով կմեկնի Թուրքիա: Ինչպես պահանջում են նմանատիպ այցելությունները, հրավիրվող տերությունը պետք է մի շարք հստակ պատասխաններ տա չլուծված հարցերին՝ ընդ որում մի քանի հաճոյախոսություններ հայտնելով ընդունող երկրի հասցեին:

2013թ. ապրիլին, այն բանից հետո, երբ Ելիսեյան պալատն իր համաձայնությունը տվեց նման այցին, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Արինչը հայտարարեց, որ վերադարձն Անկարայի հետ լավ հարաբերություններին հնարավոր է երկու պայմանի դեպքում. Առաջինի էությունը կայանում է նրանում, որպեսզի Ֆրանսիան հանդես գա բանակցությունների առաջարկությամբ Թուրքիայի Եվրոպա մուտք գործելու վերաբերյալ: 2013թ.-ի նոյեմբերի 5-ին դա տեղի ունեցավ:

Արինչի երկրորդ պայմանը վերաբերում է օրինագծին, որը 2012թ.-ի փետրվարին չեղյալ էր համարվել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից՝ քրեական պատասխանատվության ենթարկում Հայոց ցեղասպանության ժխտման համար: «Եթե նոր տեքստ առաջարկեն,- ասել է նա,- Թուրքիան իրավունք է վերապահում վերադառնալ պատժամիջոցներին, որոնք չեղյալ էին հայտարարվել Ֆրանսուա Օլանդի ընտրվելու կապակցությամբ»: Հաշվի առնելով, որ Ֆրանսիան 17 մլրդ եվրո արժողությամբ պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում չորս միջուկային ռեակտորների շուրջ եւ 3 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր զենիթային սարքավորումների շուրջ, ինչպես նաեւ հաշվի առնելով «A320» տեսակի 117 ինքնաթիռների պատվերը, 150 «Airbus» ինքնաթիռների պատվերի հեռանկարը, շատ վտանգավոր է թուրքական հողում հայտարարել մի բանի մասին, ինչը շատ թանկ կարժենա ֆրանսիական արդյունաբերության համար: Դարձյալ կպահանջվի խելամիտ լռություն:

Նախագահն, իհարկե, կարող է պայմանականորեն գովերգել «թուրքական տնտեսական հրաշքը» երկնիշ թվի աճով: Սակայն, ցավոք, այն պահին, երբ այս տողերն են գրվում, թուրքական լիրան արժեզրկվում է: Ինչ վերաբերում է գնաճին, ապա ոչ ոք չի համարձակվի ինչ-որ թիվ հրապարակել, քանզի հեռանկարից զգուշանում են: Այլ կերպ ասած թուրքական հրաշքը վերածվում է սարսափի:

Մնում են ժողովրդավարական առաջընթացի մասին բարձրագոչ հայտարարությունները: Շնորհիվ կոռուպցիոն սկանդալի, որի մեջ ներքաշված էր նաեւ Էրդողանի որդին, վերջինիս թիրախում հայտնվեցին դատական մարմիններն ու ոստիկանությունը, ինչն ըստ թուրք վերլուծաբան Էրթուգրուլ Օզաքոքի, տանում է դեպի ֆաշիզմ:Ուստի այս պայմաններում գովերգել թուրքական ժողովրդավարությունը բավական ռիսկային կլինի:

Նույնը վերաբերում է «զրո խնդիր հարեւանների հետ» դիվանագիտությանը: Դժվար կլինի ուրախանալ ձեռքբերումներով, քանի որ հարկ կլինի հիշել Լաֆայետ փողոցում երեք քուրդ ակտիվիստների սպանության մասին, որն ինչպես արդեն գիտենք, կազմակերպվել էր Անկարայի կողմից: Նույնքան դժվար է գովաբանել տարածաշրջանային խաղաղության համար գործադրած ջանքերը՝ հաշվի առնելով բաց պատերազմը Դամասկոսի հետ, նավթային խնդիրը Բաղդադի հետ, Թեհրանի հետ առկա տարաձայնությունները, Երեւանի շրջափակումը, Կիպրոսի հետ թշնամությունը, հակասությունները Իսրայելի, Եգիպտոսի հետ, լարվածությունը Հունաստանի հետ:

Ահա մի քանի թեմա, որոնք կքննարկվեն այցի ընթացքում: Հարց է ծագում՝ ինչ կասեն միմյանց Օլանդն ու Էրդողանը: Ամեն դեպքում կարող ենք ասել, որ վերադառնալուն պես կոմերցիոն պայմանագրերը անհրաժեշտ կերպով կստորագրվեն եւ կհաստատեն Ֆրանսուա Միտերանի խոսքերը. «Ես վերջինն եմ հզոր նախագահներից: Ինձանից հետո կլինեն ֆինանսիստներ ու հաշվապահներ»: Ամեն դեպքում, ցտեսություն, նախագահ, կամ ավելի շուտ՝ «Գյուլե գյուլե, Օլանդ էֆենդի»: