Այսօր` ապրիլի 15-ին ժամը 05.22-ին հրդեհ է բռնկվել Երեւանի Բագրատունյաց պողոտա 17 հասցեում գտնվող «Ասիկո» մթերային խանութում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ եւ փրկարար ծառայության օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02», «1-03» ծառայությունների եւ էլ.ցանցի հերթապահները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.47-ին, մարվել` ժամը 06.07-ին:

Այրվել են` 3 ցուցափեղկ-սառնարան, 10 քմ մակերեսով մթերային ապրանք, ջերմահարվել է խանութի առաստաղը` 30 քմ մակերեսով:

Բացի այդ, ապրիլի 14-ին, ժամը 06.15-ին հրդեհ է բռնկվել Գորիս-Լաչին ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում գտնվող քարի արտադրամասի տարածքում:

Ժամը 06.16-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.45-ին, մարվել` ժամը 08.15-ին: Այրվել է «Հուշաքար» ՍՊԸ-ին պատկանող տնակն իր գույքով` 27 քմ մակերեսով: