Ադրբեջանում արդեն պատրաստ է բռնի տեղահանվածներին Լեռնային Ղարաբաղ վերադարձի ծրագիրը` «նրա ազատագրումից հետո»: Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների ու բռնի տեղահանվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովի խոսքով, այդ ծրագիրը կրում է «Մեծ վերադարձ» անվանումը:
«Դրա իրագործումը կախված է տարածաշրջանում քաղաքական իրավիճակից եւ ԼՂ հակամարտության կարգավորումից: Մենք պատրաստ ենք այն գործընթացին, որը կսկսվի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- ասել է նա:
Հասանովն ընդգծել է նաեւ, որ ծրագիրն արդեն համաձայնեցվել է միջազգային կազմակերպությունների, ֆինանսական կառույցների եւ դեսպանատների հետ: Փաստաթղթում հաշվի են առնված Ադրբեջանի նախարարությունների ու պետական կոմիտեների կարծիքը: «Այստեղ արտացոլված են բոլոր փուլերը` տարածքների ականազերծում, ենթակառուցվածքների վերականգնում, նոր տնտեսական ծրագրերի իրականացում, բռնի տեղահանվածների վերադարձ իրենց օջախները, աշխատատեղերի ստեղծում եւ այլն»,- ասել է նա ու հավելել, որ ծրագրի արժեքը կազմում է մոտավորապես 60 միլիարդ դոլար, սակայն վերադարձից հետո այդ թիվը ավելի կհստեցվի:




























