Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան առաջ հունվարի 28-ին պիկետ է տեղի ունեցել՝ ուղղված եվրոպամետ ընդդիմության գործողությունների դեմ, որը փորձում է «եվրոմայդանի» միջոցով հասնել այդ երկում իշխանափոխության: Ինչպես NEWS.am-ի թղթակիցն է հաղորդում Երեւանում ուկրաինական դիվանագիտական ներկայացուցչության շենքի առաջ են հավաքվել Հայաստանի կոմկուսի երեւանյան քաղաքային կազմակերպության մի քանի տասնյակ ակտիվիստներ՝ Տաճատ Սարգսյանի գլխավորությամբ, որոնք համերաշխություն են արտահայտել իրենց ուկրաինացի համակիրներին ու Ուկրաինայի իշխանություններին:

Կենտկոմի քարտուղար Երջանիկ Ղազարյանը ընթերցել է Հայաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը, որում արեւմտամետ ուկրաինական ընդդիմության գործողությունները բնորոշվում են որպես սահմանադրական կարգը խափանելու փորձ, որին աջակցում են, այսպես կոչված, արեւմտյան ժողովրդավարության ջատագովները: «Մենք մեր համերաշխությունն ենք արտահայտում Ուկրաինայի մարզերում ինքնապաշտպանական ջոկատներին, որոնք արժանի հակահարված են տվել ծայրահեղական խմբավորումներին: Հուսով ենք, որ եղբայրական Ուկրաինայի իշխանությունները կայունություն ու հաստատակամություն կդրսեւորեն ու չեն ենթարկվի արեւմտյան առաջնորդների պայմաններին ու երկրում կարգ ու կանոն կհաստատեն»,-նշվում է Կոմկուսի հայտարարությունում, որը փոխանցվել է Հայաստանում Ուկրայինայի դեսպանատան առաջին քարտուղար Իվան Զագորոդնիին: