Պարզվում է՝ անքուն գիշերը կարելի է համեմատել ուղեղի ցնցման հետ: Երկու դեպքում էլ արյան մեջ գլխի հարվածի համար բնորոշ քիմիական նյութերի քանակն ավելանում է: Նման եզրակացության են հանգել շվեդ գիտնականները:

Նրանք անքուն գիշեր անցկացրած կամավորների արյան անալիզ են կատարել եւ պարզել, որ արյան մեջ ավելացել է NSE եւ S-100B նյութերի մակարդակը, որը նաեւ տեղի է ունենում ուղեղի ցնցման դեպքում: Թեեւ ավելացումը ուղեղի ցնցման ժամանակ գրանցվող մակարդակի նման  բարձր չէ, բայց բավական զգալի է:

Ավելի վաղ գիտնականներն ապացուցել էին, որ քնի ժամանակ ուղեղը մաքրվում է օրվա ընթացքում կուտակված տոքսիններից, որոնք NSE եւ S-100B նյութերի մակարդակի բարձրացման պատճառ են դառնում: Դա էլ իր հերթին ուղեղային հյուսվածքի կորստի է հանգեցնում, հայտնում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները: