ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նախատեսում է մոտակա ժամանակներս այցելել Թուրքիա: Այս մասին նա ասել է «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում, նշելով. «մոտ ժամանակներս ես պատրաստվում եմ այցելել Թուրքիա եւ առաջարկել կոնկրետ նախաձեռնություններ, ուղղված մահմեդական երկրների հետ գործընկերությանն ու համագործակցությանը»: Նկատենք, որ նախօրեին ՆԱՏՕ-ի նոր ղեկավարը հայտարարել էր մահմեդական երկրների հետ համագործակցության ամրապդման անհրաժեշտության մասին:

Ռասմուսենը մահմեդական աշխարհում հակասական կերպար է ընկալվում՝ կապված մի քանի տարի առաջ դանիական մամուլում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման առիթով նրա արտահայտած դիրքորոշման հետ: Հենց դա էր պատճառը, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա ընտրությանը երկար ժամանակ ընդդիմանում էր Թուրքիան:

Նշենք, որ Դաշինքի ապագայի հետ կապված իր պատկերացումները Ռասմուսենը հրապարակել է այսօր:

Փորձագետները նշում են, որ Ռասմուսենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնել է դժվար ժամանակաշրջանում, երբ Դաշինքը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ. Պետք է հաղթահարել ներքին հակասություններն ու արտաքին սպառնալիքները, պետք է հակահարված տալ միջազգային ահաբեկչությանն ու ծովահենությանը, ինչպես նաեւ փաստարկներ փնտրել ՆԱՏՕ-ին Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցության հեռանկարին վերաբերող քննարկումներում: Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար է դարձել Դանիայի նախկին ԱԳ նախարար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, այդ պաշտոնում փոխարինելով Յաապ դե Հոոպ Սխեֆերին: