«Dom.ru» պրովայդերը(«ԷՌ-Տելեկոմ» ընկերություն) այսօր հաղորդել է, որ Պետերբուրգում ու մի շարք այլ քաղաքներում դադարեցրել է «Դոժդ» կաբելային հեռուստաալիքի հեռարձակումը: Պատճառը համաձայնագրի բացակայությունն է:
«Տեղեկացնում ենք այն մասին, որ «Դոժդ» հեռուսատաալիքի բացակայությունը Dom.ru ցանցում կապված է այն հանգամանքի հետ, որ մինչ այս պահը մեր ընկերությունների միջեւ պայմանագիր չի կնքվել: Գործող օրենսդրությունն արգելում է հեռարձակել հեռուստաալիքն առանց պայմանագրի առկայության»,- ասվում է պրովայդերի պետերբուրգյան էջի հաղորդագրության մեջ, որը գործում է ՌԴ 63 քաղաքներում(6 մլն բաժանորդ), հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Լենինգրադի շրջափակման դադարեցման 70-ամյակի նախօրեին «Դոժդ» ինտերնետ-պորտալի այցելուներին հարց էր առաջարկվում՝ արժե՞ր հանձնել Լենինգրադը՝ նրա բնակիչներին փրկելու համար: Հասարակությունը սա ընդունել է որպես ազգայնականության վերականգնում ու «ազգի դավաճանություն»:
Այսօր պետերբուրգյան պատգամավորները ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային դիմել են խնդրանքով հետաքննություն անցկացնել սկանդալային հարցման կապակցությամբ եւ միջոցառումներ ձեռնարկել՝ մինչեւ անգամ «հեռուստաալիքի փակում»: Դիմումի օգտին քվեարկել են Պետերբուրգի խորհրդարանի 50 պատգամավորից 34-ը:



























