Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչեւան ապրիլի 15-ին նշում է ծննդյան տարեդարձը։ Անցած տարի երգչուհու տարեդարձի մասին իմացել էր ամբողջ երկիրը, քանի որ Պուգաչեւան հայտարարել էր բեմական գործունեության ավարտի մասին։
Այս տարի, ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, իր 61-ամյակը նա պատրաստվում է տոնել մերձմոսկովյան ամառանոցում՝ ամենահարազատ մարդկանց շրջապատում։
Ասում են՝ անցած տարվա նման ճոխ արարողություններ չեն լինելու, այլ ամեն ինչ շատ համեստ է լինելու։ Պուգաչեւան ցանկանում է առանց մամուլի ներկայության հանգստանալ մոտ բարեկամների շրջապատում, ասել են երգչուհու մտերիմները։
Հիշեցնենք, որ անցած տարի՝ սեպտեմբերին, Ալլա Պուգաչեւան համերգ էր ունեցել Հայաստանում։ Նա այցելել էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հայաստանի նախագահի հրամանագրով ռուսական էստրադայի պրիմադոննան պարգեւատրվել էր Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով։




























