Դե յուրե Ղրղզստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Կուրմանբեկ Բակիեւը վերջապես հրաժարական է տվել եւ հեռացել երկրից: Ղրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւան հաստատել է այդ լուրը: Բակիեւն իր հրժարականի դիմումի մեջ նշել է, որ հրաժարական է տալիս` գիտակցելով ժողովրդի ապագայի եւ Ղրղզստանի ամբողջականության հանդեպ պատասխանատվությունը, համաձայն երկրի Սահմանադրության 50 հոդվածի:
Բակիեւը հեռացել է Ղազախստան ռուսական զինվորականների ուղեկցությամբ, ասելով, որ այցելում է իր գործընկեր Նուրսուլթան Նազարբաեւին:
Հիշեցնենք, որ Ղրղզստանում արյունալի բախումների արդյունքում իշխանափոխությունից հետո Բակիեւը բառիս բուն իմաստով փախել էր մայրաքաղաքից եւ ապաստանել իր հայրենի Ջալալաբադում: Այստեղ նրան հսկում էին ավելի քան 500 զինված կողմնակիցներ: Բակիեւը հայտարարում էր, որ հրաժարական չի տա: Նա երեկ փորձել է հանրահավաք անցկացնել, սակայն դա եւս բախումների առիթ է դարձել, քանի որ նրա հակառակորդները քարեր եր նետել Բակիեւի ուղղությամբ:
Ժամանակավոր կառավարության ղեկավար Օթունբաեւան հայտարարել է, թե Բակիեւի հրաժարականով հաջողվեց խուսափել ներքին ավելի մեծ բախումներից եւ տարբեր շրջանների դիմակայությունից, ինչը հրահրում էր Բակիեւի ռեժիմը: Նա ասել է նաեւ, որ Բակիեւի ազգականների հանդեպ քրեական գործեր են հարուցվել, որոնց մի մասը փոխանցվել է Ղազախստանի իշխանություններին, քանի որ նրանցից մի քանիսը գտնվում են Ղազախստանում:




























