Մեծ Բրիտանիայում խանութների կողոպուտը դադարել է դեռահասների կամ մանր գողերի գործը լինելուց: Այսօր շատերն են հարկադրված գնալ դրան՝ սեփական հիմնական պահանջմունքները բավարարելու համար
Սովորաբար դա անում են գրազի համար, զվարճանալու համար, կամ ինչ-որ հանցավոր խմբի պատվերով, կամ անում են նրանք, ովքեր հոգեկան խանգարումներ ունեն: Սակայն մինչեւ վերջերս Մեծ Բրիտանիայում քչերն էին անում դա անհրաժեշտությունից դրդված: Խոսքը խանութների գողությունների մասին է:
Վաճառակետերից մեկի սեփականատեր Մուհամադ Գուլզարը կարծում է, մարդկանց համար միեւնույնն է, թե ինչ կգողանան. մեծ կամ փոքր, էժան կամ թանկ: Նրանք պարզապես խլում են այն, թաքցնում պայուսակում ու հեռանում, հաղորդում է Russia Today-ը:
Մանրածախ առեւտրի ձեռնարկությունների բրիտանական միության տվյալներով՝ վերջին 9 տարում գողությունների թիվը, հատկապաես սննդամթերքի խանութներում, առավելագույն մակարդակի է հասեկ: Ինչպես հաղորդում են ոստիկանությունում, գործազրկության, սոցվճարումների կրճատումների ու գողությունների թվի աճի միջեւ կապ գոյություն ունի: «Մարդիկ սկսել են գողանալ նախկին կենսամակարդակը պահպանելու համար, երբ նրանց բյուջեն զգալիորեն կրճատվել է: Ոստիկանությունն այս խնդրին հատուկ ուշադրություն է դարձնում»,- պարզաբանում է ոստիկանության պետի տեղակալ Սյու Ֆիշը:
Կառավարության քաղաքականության հակառակորդները պնդում են, որ հենց սոցվճարումների կրճատումն է ստիպում նախկինում օրինապաշտ քաղաքացիներին նման հանցագործությունների գնալ:




























