ՅՈՒՆԵՍԿՈ-ի Մոսկովյան գրասենյակը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ, Երեւանում ապրիլի 19-ից 20-ը կազմակերպում են տարածաշրջանային կլոր սեղան՝ «Կլիմայի փոփոխության ոլորտում քաղաքականության էթիկական մոտեցումները» խորագրով:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ կլոր սեղանը տեղի կունենա 2009 թվականի հոկտեմբերին՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի Գլխավոր վեհաժողովի 35-րդ նստաշրջանում ընդունված բանաձեւի հիման վրա ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից իրականացվող հետազոտության շրջանակներում, որը վերաբերում է կլիմայի փոփոխության պայմաններում էթիկական սկզբունքների վերաբերյալ Հռչակագրի մշակման նպատակահարմարությանը:
Միջոցառմանը կմասնակցեն միջազգային մասնագետներ ԱՊՀ երկրներից եւ Կենտրոնական Եվրոպայից, ներկայացուցիցչներ ՅՈՒՆԵՍԿՈ-ի Փարիզի քարտուղարությունից եւ Մոսկվայի գրասենյակից, Գիտական գիտելիքների եւ տեխնոլոգիաների էթիկայի համաշխարհային հանձնաժողովի ներկայացուցիչներ (COMEST), ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ՅՈՒՆԵՍԿՈ-ի հայկական ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ինչպես նաեւ բնապահպանության հարցերով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցարման բացումը կկայանա ապրիլի 19-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Դվին» դահլիճում:




























