Այսօր՝ ապրիլի 16-ին, Հայաստանում նշվում է Ոստիկանի օրը։

Տոնական հանդիսությունները Երեւանում մեկնարկել են Իրավակարգի զինվորի եւ Արամ Մանուկյանի հուշարձաններին ծաղկեպասակներ դնելու արարողությամբ։ Դրան հաջորդել է ոստիկանական զորքերի զորահանդեսը, որի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ Նա իր խոսքում մասնավորապես նշել է. "Ոստիկանությունը որդեգրել է թափանցիկ եւ հրապարակային գործունեության քաղաքականություն։ Մեր ստորաբաժանումները մշտապես համալրվում են բարեխիղճ եւ բանիմաց ծառայողներով, պատժվում է անօինականության ցանկացած դրսեւորում "։

Զորահանդեսից հետո Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքից մեկնարկել է ոստիկանության ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթը։ Ոստիկանի օրվան նվիրված միջոցառումների շարքը կեզրափակվի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ այսօր երեկոյան կայանալիք տոնական համերգով։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ՝ ապրիլի 15-ին, մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության 9-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի բացման արարողությանը, որի ժամանակ հրապարակել է Ոստիկանության օրվա առթիվ Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձը:

Շնորհավորանքի իր խոսքում Տ. Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ սոցիալական խնդիրները, որ այսօր ծառացած են ոստիկանության աշխատակիցների առաջ, գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում: Համոզված եմ, որ այն դրական միտումները, որոնք այսօր առկա են ոստիկանության աշխատանքներում, ի վիճակի ենք ամրապնդել: Հավաստիացնում եմ, որ կառավարությունը ջանք չի խնայի ձեզ համար ստեղծելու աշխատանքի բարենպաստ պայմաններ: Եւս մեկ անգամ կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ»: Վարչապետը Ոստիկանության մի շարք ծառայողների հանձնել է ոստիկանության բարձրագույն կոչումներ եւ պետական պարգեւներ:

Նշենք, որ այս տարի լրանում է Հայաստանի ոստիկանության 9-րդ տարելիցը։