Լիովին հնարավոր է, որ Ադրբեջանը փոխի իր արտաքին քաղաքական վեկտորը Մոսկվայի ուղղությամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի հասցեին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովի քննադատական հայտարարությունները:
Ընդ որում, նա ընդգծել է, որ Ադրբեջանը կարող էր մեծ դիվիդենդներ ստանալ, եթե իր վեկտորը փոխեր Մոսկվայի կողմը դեռ 3-4 տարի առաջ: «Այժմ Բաքուն այդ քայլից ավելի քիչ օգուտներ կստանա»,- նկատել է Մելիքյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն արդեն կոնկրետ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ: Նա դժվարացել է ասել՝ կհաջողվե՞ն արդյոք Բաքվի քայլերը, թե ոչ:
Նախկին նախարարը ընդգծել է, որ Բաքուն ակնհայտորեն գերագնահատում է Երեւանին Վաշինգտոնի աջակցությունը: «Բարդ է ասել, թե ինչու Բաքվում եզրակացրին, թե Վաշինգտոնը մեծ աջակցություն է ցուցաբերում Երեւանին, երեւի նրա համար, որ ի տարբերություն Հայաստանի ղեկավարի, Ադրբեջանի նախագահին չէին հրավիրել ԱՄՆ՝ ատոմային անվտանգության գագաթնաժողովին, բայց եթե այդպես է, դա Վաշինգտոնին քննադատելու լուրջ պատրվակ չէ Բաքվի համար»,- նշել է Մելիքյանը՝ հավելելով, որ Բաքուն ձեւական պատճառներ է փնտրում իր արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունը փոխելու համար:
Հիշեցնենք, որ Հասանովը մասնավորապես ասել էր. «Ներկայումս հակամերիկյան քարոզչությունն ուղղված է առաջին հերթին Հայաստանի զավթողական քաղաքականությանն աջակցող ՄԱՆ Կոնգրեսի եւ իշխանությունների դեմ:
Նրա խոսքով, Ադրբեջանն աջակցել է ԱՄՆ-ին իր խաղաղարար առաքելության մեջ, գրեթե փչացրեց իր հարաբերությունները մահմեդական երկրների հետ՝ հաշվի առնելով ԱՄՆ շահերը էներգետիկ հարցերում:
»Մենք բազմիցս ասել ենք ԱՄՆ-ին, որ իրենք ղարաբաղյան հարցը լուծող երեք երկրներից մեկն են: Մենք կոչ ենք արել Հայաստանին առավել ուշադիր լինել այն ծանր վիճակից դուրս գալու հարցերում, որ իրենք հայտնվել են: Այդ իմաստով, ադրբեջանական հանրության մեջ, մամուլում, արդարացի դժգոհություններ կան",- ասել էր Հասանովը:




























