Եթե Երկրի վր պակասեն խոշոր կաթնասունները, ապա էկոհամակարգի զգալի հատվածը կհայտնվի առնետների տրամադրության ներքո, նախազգուշացնում են բրիտանացի գիտնականները: Կրծողներն իրենց չափերով մոտ կլինեն կովերին: Ամեն ինչ կսկսվի առանձին կղզիներից, գրում է Daily Mail-ը:

«Որոշ ժամանակ անց առնետները կարող են հասնել կապիբարների չափերի եւ ունենալ մինչեւ 80 կգ քաշ: Եթե ազատ տարածությունն ավելի շատ լինի, նրանց չափերն էլ ավելի  կմեծանան»,- պատմել է կենսաբան Յան Զալասեւիչը Լեսթերի բրիտանական համալսարանից: Նա ընդգծել է, որ իրավիճակին հնարավոր է հետեւել մի քանի կղզիներում, որտեղ առնետներին գրեթե անհնար է բնաջնջել:

Ամեն կղզի, որտեղ շատ են առնետները, իր տեսակի մեջ էվոլյուցիայի լաբորատորիա է: «Առնետները մոլորակով տարածված կենդանիների՝ կյանքի տարբեր պայմաններին հարմարվելու ունակության լավագույն օրինակն են»,- ասել է Զալասեւիչը:

Առհասարակ, գիգանտիզմն  առաջանում է, երբ շրջակա միջավայրում չկա մրցակցություն: Այդպես է եղել կապույտ կետերի հետ, որոնց նախնիներն իրենց չափերով գայլից քիչ ավելի մեծ էին:

Մինչ այժմ մեր մոլորակի վրա բնակվող ամենախոշոր կրծողը Josephoartegasia monesi-ն է, որն անհետացել է ավելի քան 3 մլն տարի առաջ: Նրա ժամանակակից բարեկամների՝ կապիբարների պես այն բնակվել է Հարավային Ամերիկայում, իհարկե, քաշը մոտ 1 տոննա էր, չափերով մոտ էր ցուլի:

Առնետներից բացի կարող են մեծանալ նաեւ սողունների մարմնի չափերը: Փորձագետների խոսքով՝ օդի ջերմաստիճանի բարձրացումը նոր տեսակների առաջացման կհանգեցնի, ինչպես նաեւ ներկայիս կոկորդիլոսների, մողեսների ու կրիաների մարմնի չափերի մեծացմանը, հաղորդում է «Utro.ru»-ն: