Կառավարության մարտի 18-ի որոշմամբ առկա ուսուցմամբ ասպիրատուրայի տեղերը նվազել են կիսով չափ: Նախկին 234-ի փոխարեն այս տարի հատկացվելու է 124 տեղ: Կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը NEWS.am-ի թղթակցին փոխանցել է, որ կրկնակի նվազեցման պատճառը անցած տարվա թափուր տեղերն են: «Տարիներ շարունակ, երբ նայում ենք դինամիկային, ասպիրանտուրայի առկա տարկետման իրավունքով տեղերը եղել է 224-234 եւ ընթացքում, երբ մեր կողմից ընդհանուր առմամբ վերլուծություն կատարվեց, մենք ունեցանք հետևյալ պատկերը, որ վերջին տարիների ընթացքում պետական պատվերների 11-12 տոկոսը թափուր էր մնում, ստեղծվում է իրավիճակ, որ մենք ավելի շատ առաջարկում ենք, քան իրականում պահանջվում էր: Անցած տարի 34 թափուր տեղ ենք ունեցել»,- նշել է պաշտոնյան:

Նշենք , որ ասպիրանտական կրթությունը իրականացվում է առկա եւ հեռակա ուսուցմամբ: Առկայի դեպքում գործում է «Զինծառայության մասին» ՀՀ օրենքով տարկետման իրավունքը, իսկ հեռակայի դեպքում այդ կետը չի գործում, այդ պատճառով առկա ուսուցման համակարգում 85 տոկոսը տղաներ են, որոնք ըստ էության ասպիրանտուրա են գնում` բանակից խուսափելու համար:

Այս տարի մոտ հարյուրով էլ ավելացել է ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ պետպատվերի տեղերը: Առկա ուսուցմամբ տեղերի նվազման եւ հեռակայի ավելացման հետ կապված ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը NEWS.am-թղթակցին ասել է . «Այս փոփոխությունը միտված չէ գիտության դեմ, այն չի նշանակում, որ պետությունը ավելի քիչ փող է ծախսելու այս ասպարեզում: Նա ով ուզում է զբաղվի գիտությամբ, ուզում է անցնի կրթական երրորդ աստիճան եւ խնդիրը միայն բանակից խուսափելը չէ, ապա խնդրեմ` հեռակա ուսուցումը ավելացել է»:

ԿԳ նախարարը նշել է նաեւ, որ տեղերը գնալու են ֆիզիկաքիմիական, մաթեմաթիկական, կենսաբանական ուղղվածության, որովհետեւ հիմնարար գիտությունը, մասնագիտությունները պետպատվերի ձեւավորման մեջ ունենալու են իրենց առաջնահերթությունները, ինչպես նաեւ հայագիտական ու մշակութաբանական ոլորտը, իսկ տնտեսագիտական ու իրավաբանական կրթությունը Հայաստանում պետական աջակցության կարիք ավելի քիչ ունեն: