Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում ապրիլի 17-ին մեկնարկեց հեռահար ուսուցման ռուսաստանյան ծրագիրը, որի շնորհիվ հեռահար ուսուցում անցկացնելու համար տիեզերական կապի համակարգով հեռուստակամուրջ իրականացվեց Երեւանի Պուշկինի դպրոցի եւ ՌԴ շուրջ 12 դպրոցների հետ, որոնք ևս կրում էին ռուս գրողի անունը:

«Սա բեկումնային նախագիծ է, որը ԱՊՀ երկրներում առաջինը մեկնարկեց Հայաստանում»,- ասաց ԱՊՀ անդամ պետությունների արտասահմանաբնակ հայրենակիցների եւ միջազգային հումանիտար համագործակցության հարցերով դաշնային գործակալության (Россотрудничество) հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը՝ ավելացնելով, որ նման նախագիծ ԱՊՀ այլ երկրներում կհայտնվի առնվառն 2-3 տարի անց։

Ըստ Կրիվոպուսկովի՝ հեռահար ուսուցման այս տեխնոլոգիան նոր է նաեւ Ռուսաստանում, որտեղ տիեզերական կապի այս համակարգին միացած է 60 հազար դպրոցներից ընդամենը 400-ը:

«Սա առաջին ինովացիոն կրթության հարթակն է Հայաստանում, որի միջոցով Հայաստանում սկսում է գործարկել ինովացիոն մշակույթը ոչ միայն գիտական աշխարհում, այլեւ դպրոցում»,- ասաց Կրիվոպուսկովը՝ ավելացնելով, որ ծրագիրը Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության կողմից աջակցություն ստանալով՝ երկու տարում համակարգը հնարավոր է տարածվի նաեւ հայաստանյան բոլոր դպրոցներում, ինչը հնարավորություն կտա լրացնել Հայաստանում ուսումնամեթոդական գրականության պակասը, ինչպես նաեւ կազմակերպել ռուսաց լեզվի հայ ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացներ։
Ըստ Կրիվոպուսկովի՝ հեռահար ուսուցման այս տեխնոլոգիայի արժեքը մեկ միլիոն ռուբլուց ավելի է։